Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված սկանդալների ֆոնին օգտատերերը ավելի ու ավելի հաճախ են մտածում սոցիալական ցանցերում իրենց տվյալների գաղտնիության մասին։ Սոցիալական ցանցերն ու որոնողական համակարգերը «հետևում են» օգտատերերին և նրանց առաջարկում այն նորությունները, որոնք համակարգային ալգորիթմը կարծում է, որ կհետաքրքրեն այդ օգտատերերին։ Արդյունքում օգտատերերը հայտնվում են մեդիա թակարդի մեջ։

Բարդացող իրավիճակով մտահոգված, Wikipedia-ի համահիմնադիր Ջիմի Ուեյլսը նոր սոցիալական ցանց է հիմնել՝ WT.Social: Ի տարբերություն այլ սոցիալական ցանցերի՝ այն շեշտը դնում է ոչ թե ընկերների հետ շփման վրա, այլ նորությունների կոնտենտի։ WT․Social-ի առաքելությունը միահամուռ ուժերով fake news-ի դեմ պայքար իրականացնելն է, այդ իսկ պատճառով այն հրապարակումները ցույց է տալիս ժամանակագրորեն, իսկ հրապարակված բոլոր նյութերը Wikipedia-ի նման յուրաքանչյուրի կողմից ենթակա են խմբագրման։

Ուեյլսը վտանգավոր է համարում այն սոցիալական ցանցերը, որոնց եկամուտն առաջանում է գովազդից, քանի որ նման կերպ նրանք իրենց ուշադրությունը վաճառում են գովազդատուներին և անորակ կոնտենտ ստեղծում օգտատերերի համար։

Եթե ցանկանում եք փորձարկել WT․Social-ը, ապա սկզբում կհայտնվեք սպասման երկար ցուցակում։ Համակարգը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, և անխափան աշխատանք առաջարկելու համար ստեղծողները բոլոր ցանկացողներին միանգամից ներս չեն թողնում։ Հասանելիության ստացումն արագացնելու համար կարելի է հրավերներ ուղարկել ծանոթներին կամ վճարովի տարբերակն ընտրել։

WT․Social-ն ապացույց է այն բանի, որ համացանցն ապագայում շատ որակյալ կարող է լինել։ Ուեյլսի նախագիծը օգտատիրոջ մեջ տեսնում է ոչ թե օգտագործողի, այլ համագործակցողի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել