Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ գերլեգիտիմ իշխանությունները պատմական շանս ունեին մեզ խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում ու դեռ վատ ենք ապրելու. ասելու, որ փակ սահմանների, սպառման վրա հիմնված տնտեսության ու կրթական նման մակարդակի պայմաններում միանգամից լավ ապրել հնարավոր չէ: Ու առաջ բերեին աշխարհի փորձով իր կենսունակությունն ապացուցած ծրագիր, որը բոլորով միասին քայլ առ քայլ կիրագործեինք ու մի օր ոչ թե մեզ կհամոզեին, որ արդեն ապրում ենք լավ, այլ իսկապես կապրեինք լավ:
Սակայն, չդիմադրելով պոպուլիստ լինելու ներքին ճնշմանը, նոր իշխանությունները հայտարարեցին, որ անգամ առանց պետական համակարգի օգնության ու Աճեմօղլուի գրած պլանի՝ կարող են տնտեսական հրաշքներ գործել: Ու քանի որ խոստացել էին ու դեռ ուզում էին կառավարել, իներցիոն բյուջեն անվանեցին հեղափոխական ու սկսեցին ջրին գինի ասել, իրենց ձեռքով մակրոտնտեսական ցուցանիշներ նկարել, դրանցից փաստեր սարքել ու հրապարակել: Իսկ անցանկալի փաստերի մասին կա՛մ լռել, կա՛մ ասել, որ հենց կոնկրետ այդ ցուցանիշը 2017-ին եղել է ուռճացված ու դրա համար ենք այդ կետով անկում արձանագրել 2019-ին:
Նոր իշխանությունները չցանկացան մեր ականջներն ավելորդ մանարամասնություններով ծանրացնել ու բացատրել, թե տնտեսական հեղափոխությունը կոնկրետ ինչի վրա պետք է հիմնվի ու տնտեսության կոնկրետ որ ճյուղերն են, որ պետք է հեղափոխական արդյունքի հանգեցնեն: Մեզ միայն ասացին, որ կար վատ Սերժ, որի պատճառով տնտեսության վիճակը վատ էր, իսկ հիմա Սերժը չկա ու հիմա լավ է: Ճիշտ ծանոթ հեքիաթի նման, որում ջուր չկար, որովհետև կար հրեշ, իսկ հիմա կա ջուր, որովհետև գետի հունը փակող հրեշն էլ չկա:
Սակայն ԱԺ-ի կամ Կառավարության նիստերին ընդամենը մեկ անգամ հետևողը հստակ տեսնում է՝ հեռուստացույցի հակառակ կողմում տնտեսությունից խոսում են իշխանավոր դարձած մի քանի նախկին տնտեսական լրագրող, որոնք համալսարանում ընդամենը մեկ կիսամյակ տնտեսագիտության կուրս են անցել ու, մեծ հաշվով, տնտեսագիտական գիտելիքներով ավելի մոտ են Պողոսին, քան նորմալ տնտեսագետի: Ու եթե տնտեսության զարգացման հայեցակարգը չի գրել Աճեմօղլուն, ապա մեծ հավանականությամբ գրել են նրանք: Ուստի հարց է առաջանում, արդյոք մենք ունենք տնտեսության զարգացման ադեկվատ ռազմավարություն: Ոչ թե կենաց, մաղթանք, ցանկություն, այլ ռազմավարություն, որն աշխատում է:
Հեղափոխական իշխանությունը 2018-ին գործիմացների ու հաղթողների վճռականությամբ առանձնացրեց Կառավարության տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություն` գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիական ոլորտը և զբոսաշրջությունը:
Մենք չենք մշակում մեր հողերի ուղիղ կեսը: Մնացած կեսով էլ չենք կարողանում այնքան արտադրողականություն ապահովել, որ հետաքրքրենք որևէ այլ շուկայի, քան ՌԴ-ի մի քանի խանութն են: Իսկ եթե հիշենք, որ ՌԴ տանող միակ անցակետը տարվա մի կեսը փակ է, մյուս կեսն էլ՝ գերծանրաբեռնված ու չկարողացանք երեք տարում ծովի վրա 18․1 կմ կամուրջ կառուցող ՌԴ-ին համոզել, որ Լարսի ճանապարհը տասը մետրով գոնե լայնացնի, որ գյուղարտադրանքը սահմանին չփչանա, անհասկանալի է, թե որ քաջը պետք է այս ոլորտում ներդրում անի, ինչքան էլ վարչապետը կոկորդ պատռի:
ՏՏ ոլորտում, ամենաճոխ հաշվարկներով, ներգրավված է ընդամենը 20.000 ՀՀ քաղաքացի, այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության 0.06 տոկոսը: Նրանց ստեղծած բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոդուկտն էլ շատ փոքր մասով է ներդրվում մեր տնտեսության իրական հատվածում, որովհետև դրա պատվիրատուն և սպառողը, որպես կանոն, դրսի շուկան է: Ուստի, եթե IT-ն մի օր պետք է շարժի մեր տնտեսությունը, ապա առնվազն ոչ այս տասնամյակում:
Բայց, կարծես, ի հեճուկս առողջ տրամաբանությանը, մեր տնտեսությունն աճում է ու թողնում, որ նախկին լրագրողները տնտեսագիտության Նոբելյան մրցանակակրի դեմքով շրջեն ու ասուլիսներ տան:
Տնտեսությունն աճում է նկարչության ու տոքսիկ ճյուղերի՝ շահումով խաղերի ու մեքենաների ներկրման շնորհիվ: Այսինքն՝ ստացվում է զարմանալի մի բան՝ իշխանությունները շեշտը դնում են IT-ի ու գյուղատնտեսության վրա և պայքարում շահումով խաղերի ու մեքենաների ներկրման դեմ, ինչից հետո մեքենաների ներկրումն ու շահումով խաղերը գերաճ են տալիս, իսկ գյուղատնտեսությունը մնում է նույն մակարդակին: Կարելի՞ է սրանից եզրակացնել, որ այս գիտունները առնվազն 180 աստիճանով ծուռ են պատկերացնում տնտեսությունը: Իսկ կարելի՞ է եզրակացնել, որ վարկով գնված մեքենաները չեն վաճառվելու ու առաջացնելու են վարկի սպասարկման հարց, որ շահումով խաղերը քայքայելու են տնտեսությունը, իսկ մոտ ամիսներին գազի թանկացումը դնելու է ֆիլմի վերջակետը: Բայց դա ապագայում…
Ներկա իրականությունն այն է, որ որքան էլ ցանկանաս, մեր նման երկրները միանգամից տնտեսության փափուկ ճյուղը և բարձր տեխնոլոգիաների ճյուղը զարգացնել չեն կարող: Զարգացող երկրների ճակատագիրն է շեշտը դնել ծանր արդյունաբերության ու հանքարդյունաբերության վրա նաև մեկ հատուկ պատճառով՝ աշխարհում տեղի է ունենում ծանր արդյունաբերության հումքատար, էներգատար ու աշխատատար ճյուղերի փոխանցում զարգացած երկրներից զարգացողներին: Աներկբա է, որ չնայած IT-ի մասին հնչեղ կենացներին, մեր ֆորմատի երկրների ուղին հետևյալն է՝ կառուցել ամուր հանքային ու ծանր արդյունաբերական տնտեսություն, որից ստացված գումարներով էլ աստիճանաբար անցում կկատարենք բարձր տեխնոլոգիաներին:
Ե՛վ ծանր արդյունաբերության, և՛ հանքայինի դեմ այսօր բնապահպանների կողմից պայքար կա, ու այդ պայքարի դեմ պոպուլիստ իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել:
Փաստ է՝ միշտ կա մի դժգոհ բնապահպան և նրան լուսաբանող առնվազն 20 լրատվամիջոց ու, առաջնորդվելով պոպուլյար որոշումներ կայացնելու օրակարգով, իշխանությունները, օրինակ, այսօր կանգնած են Ամուլսարի հանքը չգործարկելու խնդրի առաջ, որը չեն լուծելու: Ի դեպ, չեմ խոսում հանքերը մսխելու մասին, ինչպես Ռուսաստանն է անում, այլ այդ գումարը հետագայում գիտության ու նորարարության մեջ ներդնելու:
Նախորդ դարի 60-ական թվականներին Շվեդիայի ու Ֆինլանդիայի արտահանման 70 տոկոսը փայտանյութն էր, Իսրայելինը՝ գյուղատնտեսական արտադրանքը: Ներկայում՝ այս երկրների արտահանման կառուցվածքի 50 տոկոսից ավելին բարձր տեխնոլոգիական արտադրանքն է: Շվեդիան կտրեց իր անտառները, ապա սկսեց դրանք վերամշակել ու վաճառել՝ գումարը ներդնելով գիտության մեջ: Ցավոք, մենք այսօր անում ենք ճիշտ հակառակը. գիտական կենտրոնները զարգացնելու փոխարեն՝ փակում «Նորավանք» կենտրոնը, մասնակի դադարեցնում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը, հարձակվում ԱՅԲ-ի վրա: Իհարկե, նաև չեն մոռանում հենց այնպես մսխել հանքային ռեսուրսը ու հուսալ, որ երբ 30 տարի հետո մոլիբդենի պաշարները սպառվեն, կկարողանանք մոլիբդենի գնով վաճառել Փաշինյանի խոստումները ու նրա ստեղծած թավշյա հեղափոխության բրենդը:
Ի դեպ, հեղափոխության ու բրենդի մասին….
Իր՝ «Ինչու՞ են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսներն աղքատ» գրքում Դարոն Աճեմօղլուն, որպես ոչ հաջողակ պետություն, բերում է Մեքսիկայի օրինակը՝ ասելով, որ 100 տարում Մեքսիկան 50 նախագահ է փոխել ու այդ երկիրն աղքատ է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը Մեքսիկայի հետ արել է նույնը, ինչ կոնկիսկադորները՝ ձևավորել են շահագործող էլիտա ու շահագործման են ենթարկել հասարակությանը՝ դրանով զսպելով տնտեսական աճը: Որքան էլ դա հաճելի չլինի մեզ, մեր ու Մեքսիկայի օրինակները նման են: Մեր տարածաշրջանում իշխել են պարսիկները, օսմանները, ռուսները ու արհեստականորեն դանդաղեցրել են տնտեսությունը: Այսինքն՝ մենք ո՛չ ունեցել ենք ներառական քաղաքական, ո՛չ էլ ներառական տնտեսական համակարգեր, ինչի կարևորության մասին անընդհատ խոսում է Աճեմօղլուն: Ապա արդեն անկախ Հայաստանի էլիտան շարունակել է այդ պրոցեսը՝ բաշխելով մոնոպոլիաներ ու զսպելով գործարարությունը մեկ պարզ պատճառով. հարստացող գործարարը ապագա քաղաքական էլիտայի հիմքն է, ինչը պետք չէ գործող էլիտային:
Այսօր մենք խոսում ենք հեղափոխության ու նոր կարգերի մասին ու այնքան էինք տարվել գոչելով, որ չնկատեցինք էլ՝ ինչպես գարեջուր խմող ՔՊ-ականները դարձան կոնյակ խմողներ, օլիգարխները՝ գործարարներ, կուսակցականները՝ ապահովված մարդիկ: Ու երբ բանավիճում են՝ սա հեղափոխությու՞ն էր, թե՞ իշխանափոխություն, բավարար է բերել փաստը՝ մի քանի միլիարդանոց ՊՆ տենդերը շահում է ՔՊ-ական, ինչը, անշու՛շտ, նոր էլիտայի ձևավորման հիմք է: Իսկ երբ այս ամենի կոնտեքստում Փաշինյանը խոսում է, որ տուրիզմը կզարգանա, որովհետև մենք Հայաստանն աշխարհում դիրքավորում ենք որպես թավշյա հեղափոխություն արած երկիր, բավական է վկայակոչել օրերս The Economist Intelligence Unit-ի հրապարակած աշխարհում դեմոկրատիայի ցուցիչը, որտեղ Հայաստանը 86-րդ հորիզոնականում է՝ 10 բալանոց համակարգում 5.54 բալով: Սա էլ համարեք փոքրիկ ակնարկ՝ տուրիզմի զարգացման մեր պլանի մասով ու պատճառ, թե ինչու է Աճեմօղլուն այսօր Փաշինյանին քննադատում: