Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց Սահմանադրական դատարանի նախագահի կողմից իբր իրեն ծառայություններ առաջարկելու մասին ու որպես փաստ ներկայացրեց գրիչը, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը ոչինչ չունի Թովմասյանի դեմ, ու Թովմասյանը ոչինչ չի արել:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների, գրառման և այլ հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

-Տիկի´ն Սահակյան, որքանով է նորմալ, որ երկրի վարչապետն ամփոփիչ ասուլիսի  ժամանակ հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայությունները մատուցելու առաջարկ է արել,  հետո գրում է, որ անհամարժեք ապացույց ունի, ու այդ ապացույցը զուտ մի միջոցառման ժամանակ իրեն Թովմասյանի տված ու հետ չվերցրած գրիչն է:

-Դա ցավալի փաստ է, նկատի ունենալով, որ այդ խոսքերը հնչում է պետության ղեկավարի բերանից, ոչ թե սովորական քաղաքացու, կամ գոնե լավ, իր թիմից որևէ մեկի բերանից: Պետության ղեկավարն ասուլիսին միտք է ասում, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել: Սա արդեն լուրջ խնդիր է: Այնուհետև եղավ ՍԴ նախագահի արձագանքն առ այն, որ հիմնավորող փաստեր չներկայացնելու դեպքում զրպարտության հայտով կդիմեն դատարան: Հիմա, բնականաբար, հասարակությունը սպասում է այդ փաստերին, չէ՞ որ պետության ղեկավարը չի կարող նման հայտարարություն անել առանց փաստի ու լուրջ սպասում է ինքն այդ փաստին: Ընդ որում, իր քաղաքական թիմն ու աջակիցներն աղմուկ էին բարձրացրել, թե տեսեք՝ հիմա ինչ կկատարվի Հրայր Թովմասյանի հետ: Այս ընթացքում հրապարակվում է հայտնի լուսանկարը, թե իբր Հրայր Թովմասյանն է՝ ձեռքով Փաշինյանին բարևում, դա թերևս ծառայեցնելու էին որպես փաստ:

-Բայց դա պատահական տարածում չէր, դա տարածեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

-Այո, և հատկանշական է, որ այդ լուսանկարում Հրայր Թովմասյանը չէր: Որքան հասկացա, դա էր լինելու իրենց փաստը, սակայն պարզվեց, որ դա չէր փաստը, և Նիկոլ Փաշինյանը որոշեց հրապարակել իր «անհամարժեք» փաստը: Շատ ցավալի է, ես վատ եմ զգում՝ որպես այս երկրի քաղաքացի, իմ երկրի վարչապետի համար, որ իմ երկրի վարչապետն այդ գրիչը կարող  է ներկայացնել որպես փաստ, այն էլ այն հանգամանքի, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է իրեն առաջարկել:

-Այդ «փաստն» ի՞նչ արեց ի վերջո, բացի այն քննադատություններից, որոնք ստացավ Փաշինյանը, բացի այն, որ լռեց իր քաղաքական թիմը, որը նախքան այդ խոսում էր, սպառնում էր, թե ինչ է լինելու Հրայր Թովմասյանի հետ:

-Դրանով  Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած միտքը՝ ծառայություններ մատուցելու մասին, հենց Փաշինյանը հերքեց, որովհետև ասաց, որ Թովմասյանին երբևէ չի հանդիպել, այլ մի անգամ հանդիպել է այդ գրիչի օրը, և մյուսն էլ պատարագի օրը: Հիմա լուրջ մարդն ինչպե՞ս կարող է սա ընկալել: Այսինքն՝  քաղաքավարի լինելը ՀՀ-ում ընդունված չէ այլևս, տարրական կուլտուրան, որ անձը տեսնում է, որ գրիչ չունի, ու իր գրիչն է տալիս, ենթադրում է ծառայություներ մատուցելու առաջարկ ու չի կարելի քաղաքակիրթ լինել: Սա՞ է  պահանջում վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել