Մենք բոլոր այլազգիների մեջ փնտրում ենք հայի տոկոս…
Լավրովի մորական տատն է հայ, «զնաչիտ» 25%-ով հայ է, այ ախպեր: Մեդվեդևի մորքուրի մարդն է հայ, ջհանդամ, մի բան հայերից քաշված կլինի վրեն:
Միշուստինը, ճշտած է, 50%-ով հայ է: Ու գնաաաց շարքը... Անդրե Աղասին 67%-ով հայ է, Հուլիո Իգլեսիասի քենին 9%-ով է հայ, նույնիսկ Աթաթուրքի դպրոցական առաջին սերը հայ աղջիկ է եղել, ուրեմն ինքն էլ մի չնչին տոկոս, բայց հայ է...
Զարմանալի ազգ ենք... Այլազգիների մեջ հայի ինչ-որ տոկոսներ ենք ման գալիս, բայց քո երկրում, քո քաղաքում կամ գյուղում ապրող 100%-ոց հայ հարևանիդ կարող է չսիրես, չհարգես, նույնիսկ ատես միայն նրա համար, որ ինքը ունի այլ պատկերացումներ, կամ հայացքներ, քան դու... Ու էս դեպքում արդեն էլ կարևոր չէ, որ ինքը քո պես հավասար ապրել է այս երկրում բոլոր դժվար, մութ ու ցուրտ տարիները, «լեվի» լույսի լար է տվել քեզ ժամանակին, պարտքով գումար, երբեմն էլ դու ես օգնել իրեն ու քաշել երկրի բոլոր դարդերը հավասար էն ժամանակ, երբ 67%-ոց Անդրե Աղասին իր կյանքն էր վայելում, որպես ամերիկացի հայտնի թենիսիստ ու իր հայ լինելու 67%-ի մասին մտածում էր նույն հաճախականությամբ, որքան որ մտածում է այլմոլորակայինների, Անդրոմեդա համաստեղության, կամ անդրոնային կոլայդերի էֆեկտիվության մասին:
Զարմանալի ազգ ենք... Խոսում ենք ինչ-որ մի թվականի 5.000.000 բնակչություն ունենալու մասին, մեծ հայրենադարձության մասին, բայց շատերը հանդգնում են հազարավորներին հաթաթա տալ ու ասել՝ եթե «մեծամասնության» հետ չես, ուրեմն թող գնա երկրից... Հարգելի հայ, եթե դու չգիտես, ապա տեղեկացնեմ, որ նախորդ ընտրությունների մասնակիցներից իշխող ուժին փաստացի ձայն չի տվել 360.000 մարդ: 12% բնակիչ 100%-ոց հայերից: Վստա՞հ եք հիմա, որ ուզում եք իրենք գնան երկրից... Խոսում եք, ուղղակի խոսելու համար... «Դամ» եք պահում...
Ես չգիտեմ ինչպես է Անդրե Աղասին վերաբերվում իր մեջ հոսող հայկական արյան տոկոսայնությանը, բայց ինչի՞ ես պետք է հպարտանամ դրանով, կարո՞ղ եք բացատրել...
Ու հակառակը, ես հպարտ եմ, որ իմ ազգի կյանքում եղել է Ազնավուր... Որովհետև մարդիկ իրենց կյանքով ու արարքներով են ապացուցում քո ազգակիցը, քո հայրենակիցը, քո հերոսը լինելու իրավունքը, ոչ թե «հայի արյան մի կերպ հայտնաբերված» տոկոսի առկայությամբ: