Համարվում է, որ կանանց համար աշխարհում վատագույն վայրը Աֆղանստանն է: Սակայն կա ևս մի վայր, որտեղ ամեն ինչ իրականում շատ ավելի վատ է: Այդ վայրը գտնվում է ԱՄՆ-ում:
Խոսքը գնում է Արիզոնա նահանգում գտնվող Կոլորադո Սիթիի մասին: Սա մորմոն-ֆունդամենտալիստների՝ ամենակործանարար կրոնական ուսմունքներից մեկի ներկայացուցիչների քաղաքն է: Այս քաղաքի մասին իր «Փախուստ» գրքում գրել է քաղաքի բնակչուհիներից մեկը՝ Քերոլայն Ջեսոփը:
Քերոլայնը 2003 թ. կարողացել է փախչել իր ամուսնուց և լքել համայնքը։ Նա առաջին կինն էր, որին հաջողվել է դա անել առանց երեխաներից բաժանվելու: Իսկ երեխաների թիվն այդ պահին ութ էր: Նրանցից մեկը նորածին էր, մյուսը՝ հաշմանդամ, իսկ ավագները թշնամաբար էին վերաբերվում մորն ու համայնքը լքելու նրա մտքին:
Քերոլայնի ամուսինն իրենից երեսուն տարով մեծ էր և փախուստի պահին, բացի Քերոլայնից, ուներ ևս վեց կին: Հսկայական ընտանիքում, որում կար 30 երեխա, տիրում էր ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը, մեկը մյուսին չէր ընդունում, ընկերական հարաբերությունները չէին պահվում, մոր ու երեխաների միջև կապ գրեթե չկար:
Ահա թե ինչպես էին կանայք ու իրենց երեխաներն ապրում այդ համայնքում.
- Կանայք բացարձակապես իրավունքներ չունեին և համարվում էին ստրուկներ:
- Երեխաները բռնության էին ենթարկվում ինչպես հայրերի, այնպես էլ վերջիններիս կանանց կողմից, որոնք երեխաների խորթ մայրերն էին համարվում:
- «Փրկություն ստանալու» համար տղամարդը պետք է առնվազն երեք կին ունենար: Նման պահանջի առկայությունը սուր մրցակցություն էր ստեղծում տղամարդկանց միջև, այդ իսկ պատճառով շատ պատանիներ 13-21 տարեկանում վտարվում էին համայնքից տարբեր պատրվակներով:
- Հարսնացուների դեֆիցիտը հանգեցնում էր նրան, որ անչափահասներին էին ստիպում ամուսնանալ: Հաճախ կատարվում էին ներընտանեկան ամուսնություններ:
- Ամուսնության մասին որոշումը կայացնում էր մարգարեն՝ եկեղեցու առաջնորդը: Նա կարող էր կնոջն իր երեխաների հետ վերցնել ամուսնուց և փոխանցել այլ տղամարդու, եթե որոշեր, որ նախկին ամուսինը բավարար չափով հավատացյալ չէր:
- Կանանց խրախուսում էին աշխատել, սակայն աշխատած ողջ գումարը նրանք պարտավոր էին տալ ամուսնուն:
- 2000-ականների սկզբին հերթական մարգարեն առաջարկեց բոլոր երեխաների կրթությունը փոխարինել տնայինով, հետևաբար մեծ մասը պարզապես դադարեց կրթություն ստանալուց:
Իր գրքում Քերոլայնը գրում է սեփական տառապանքների ու դաժան փորձի մասին, սակայն քանի որ նրա ամուսինը համայնքում ամենաազդեցիկ տղամարդկանցից մեկն էր, նա կարողանում էր տեսնել նաև համայնքի ընդհանուր վիճակը:
Նա սկզբում ստիպված էր փախչել, աջակցություն գտնել, ապա դատարանի օգնությամբ վերցնել ամուսնուց երեխաների խնամակալությունը: Նա ստիպված էր անգամ պայքարել ավագ երեխաների դեմ, որոնք վախենում էին դեմ գնալ կրոնին: Ավագ դուստրը, հասնելով չափահասության տարիքի, վերադարձավ համայնք:
Քերոլայն Ջեսոփին հաջողվեց գոյատևել, անգամ սեր գտնել: