Տնտեսության, մասնավորապես, առեւտրի մեջ ներգրավվածներին սպառնում է խիղճը կորցնելու վտանգը: Նրանց մի մասն իսկապես այն կորցնում է եւ դառնում փողի գերին ու ստրուկը: Այդ ժամանակ սկսում են մտածել ոչ թե մարդու համար բարիք ստեղծելու կամ բարիքը մարդուն հասցնելու, այլ փողի, շահույթի, եկամտի եւ գրպանի մասին: Իսկ երբ այդ մտածողությունը տարածվում է քաղաքական պատասխանատուների շրջանում, ապա ժողովրդի ընդհանուր բարեկեցության ապահովման նպատակը հոդս է ցնդում: Երբեմն տեղի է ունենում նաեւ հակառակը. Որոշ չինովնիկներ կորցնում են ժողովրդին ծառայելու պատասխանատվության զգացումը, ինչից ճարպկորեն օգտվում են տնտեսվարողներն ու խախտում շուկայական հարաբերությունների կանոնները: Երկու դեպքում էլ ականատես ենք լինում ոչնչով չհիմնավորվող թանկացումների, արհեստական դեֆիցիտների, մենաշնորհային դիրքի չարաշահման պատկերների եւ նմանատիպ սոցիալական անարդարությունների: Սրա զավեշտալի կողմն էլ այն է, որ այսօրինակ անարդարությունների մեջ բոլորը մեղադրում են բոլորին` տնտեսվարողը չինովնիկներին ու լրագրողներին, չինովնիկները տնտեսվարողներին ու քաղաքացիներին, ժողովուրդը անբարխիղճ տնտեսվարողներին ու ղեկավարությանը եւ այլն: Այսպես լինում է միայն այն երկրներում, որտեղ տնտեսվարողն ու սպառողը տարբեր աշխարհներից են եւ նրանց ոչ մի ընդհանուր արժեք չի միավորում: Նրանք չունեն երկրի ներկայի եւ ապագայի մասին ընդհանուր մտահոգություններ ու տեսլականներ: Այդ պայմաններում դժվար է գտնել փոխզիջումներ, վարել երկխոսություն, գնահատել միմյանց ցանկությունները եւ գտնել օպտիմալ լուծումներ: Այս պայմաններում գների բարձրացումը հերթական փորձություն է առ այն, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեն տնտեսվարողները, չինովնիկներն ու քաղաքացիները: Ով ում ինչում կմեղադրի, ով ում ինչքան կտուգանի, ով ցույց կանի, ով խորհրդակցություն: Բայց պատկերացրեք գնային քաղաքականությունը կարելի է կիրառել առանց ինքնագլուխ, անհաշվենկատ թանկացումների եւ ավելորդ ջղաձգումների: Դա կլինի այն օրը, երբ տնտեսվարողը վերջապես հասկանա, թե ինչ են Հայրենիքը, ժողովուրդը, շուկան եւ շուկայական հարաբերությունները: Այդ ժամանակ նա գուցե հասկանա, որ չի կարելի փողը կուռք դարձնել և արհամարել ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել