ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչը` ծնված 1968 թ., 2019 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, նույն մարզի 25-ամյա բնակչի կողմից վարած ավտոմեքենայով իր ավտոմեքենային ձայնային ազդանշան տալու շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով հանդիպել են Լոռու մարզի Փամբակ գյուղում, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում, 52-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է 25-ամյա երիտասարդին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1968 թ. ծնված Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել