Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Այդ մասին հունվարի 22-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը:

«Ներկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 440 –ի, ինը մարդ մահացել է»,- ասել է Լի Բինը: Ավլի վաղ հաղորդվել էր վարակման 324 դեպքի և վեց մահացածի մասին:

Վիրուսն արդեն տարածվել Է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում է մարդու:

Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը և կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաև գլխացավեր և տենդ, որոնք կարող են մի քանի օր տևել: Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով անձինք, երեխաներն ու տարեցները: Նրանց մոտ դիտվում են թոքաբորբի ու բրոնխիտի նմանվող ախտանշաններ: Սպասվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտահերթ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ Պեկինում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Չինաստանը կմասնակցի ԱՀԿ-ի արտահերթ հանդիպմանը: «Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը և աշխատել միջազգային հանրակցության հետ վիրուսի դեմ պայքարելու և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,-նշել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել