Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց 6 նախագիծ, որոնք ներկայացվել էին խորհրդարանական ընդդիմության կողմից: Դրանցից էր նաև ԼՀԿ կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ  այդ օրինագիծը վերաբերում է ավտոներկրողներին: Վերջինս հիշեցրեց, որ անցած տարի այս ոլորտում աշխուժություն էր տիրում: Նշենք, որ պարբերաբար ավտոներկրողները ցույցեր էին իրականացնում և հիմնական նպատակը ձևավորված երկրորդական շուկան ՀՀ-ում պահպանելն էր:

«Մոտավոր հաշվարկով այս տարվա ՀՀ բյուջե մուտք չի գործելու 55 մլրդ դրամ, և այս օրինագծով փորձում ենք մեղմել այդ մուտքերը: Ամենևին չենք ակնկալում, որ այդ 55 մլրդ-ն ամբողջությամբ մուտք է գործելու, բայց 2/5-ի մասով կարող ենք այդ հարցը լուծել: Մեր առաջարկած մոդելը գործում է եվրոպական երկրներում: Մենք առաջարկում ենք 3-ից 5 տարեկան մեքենաների ներմուծման դեպքում կիրառել 5 տոկոս ԱԱՀ, իսկ 5-ից 10 տարեկանի դեպքում՝ 10 տոկոս»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց նախագծի չընդունման հիմնավորումներից մեկն էլ  ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ պայմանավորվածությունն է. «Բայց ասեմ, որ Ղազախստանում ԱԱՀ-ն ընդհանրապես 12 տոկոս է՝ ի տարբերություն մյուս երկրների, որ ավելի բարձր է: Կարծում եմ՝ երկրի շահն ամենակարևորն է այս պարագայում»,- ասաց նա:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ պարզաբանեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել նախագծին. պատճառները մի քանիսն էին:

«Սա հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ սույն նախագծով ստացվում է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները կարող են ներմուծվել ավելի ցածր ԱԱՀ դրույքաչափով, քան մեր գործընկեր ԵԱՏՄ երկրներից, ինչը հակասում է ՀՀ ստորագրած պարտավորություններին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել