1in.am-ը գրում է.

«Մենք այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չունենք»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի քննարկած օրինագծի առթիվ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՎՊ մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը` հավելելով, որ նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու համար իրենց պաշտոնապես չեն դիմել: «Երբ որ դիմեն, մենք կասենք մեր տեսակետը փոփոխությունների առթիվ»,- ասաց ՎՊ խոսնակը: 

Հիշեցնենք, որ ՎՊ հաշվետվության մեջ բյուջեի 700 մլրդ-ի մսխումը «հեքիաթ» անվանելուց հետո ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանն առաջարկեց փոփոխություններ կատարել Վերահսկիչ պալատի մասին օրենքում: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ առաջիկայում օրենքում կատարվելիք փոփոխությունների համար աշխատանքային խումբ է ձևավորվելու։ 

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ գերմանական GIZ կառույցի հետ հանձնաժողովն աշխատում է ՎՊ-ի մասին օրենքի փոփոխության վրա: «Եթե խոսքը այն աշխատանքի մասին է, որը մեր հանձնաժողովն իրականացնում է գերմանական GIZ կառույցի հետ, մենք հույս ունենք` մեր փոփոխությունները պատրաստ կլինեն սեպտեմբերին: Եթե որևէ այլ փոփոխությունների մասին է, դրա մասին չեմ կարող ասել: Յուրաքանչյուր տարի ԱԺ-ն հաստատում է Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը: Այդ ծրագրում լինում են 15-20 ծրագրային հարցեր: Այդ ծրագրային հարցերի հետ կապված՝ տարվա ընթացքում ՎՊ-ն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և հարցերից յուրաքանչյուրի հետ կապված հաստատում է իր ընթացիկ հաշվետվությունը: Դրանք ապագայում կազմում են ՎՊ տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասը: 

Առաջարկությունն այն է, որ ընթացիկ հաշվետվությունները դառնան խորհրդարանում քննարկման առարկա»,-ասաց հանձնաժողովի նախագահը` հավաստիացնելով, որ փոփոխությունը չի կաշկանդի կամ սահմանափակի ՎՊ աշխատանքը: 

Ըստ նրա՝ փոփոխությունը «չափազանց կարևոր է»: «Որովհետև ընթացիկ հաշվետվությունները մեկը մյուսի հետ գործնականում որևէ կապ չունեն, տարբեր ոլորտներ, տարբեր խնդիրներ են: Եվ երբ տարվա ընթացքում այդ ընթացիկ հաշվետվությունները դառնան խորհրդարանում քննարկման առարկա, ընթացիկ հաշվետվությունը 17-18 էջանոց մի բան է, պատգամավորները շատ լավ կպատկերացնեն թեման, և եթե լինեն հարցեր, կլինեն պատասխաններ, և դա թույլ է տալիս այդ ոլորտի հետ կապված ապահովել շատ բարձր մակարդակի քննարկում: 

Սա Էստոնիայի փորձն է, և սա որակական լուրջ փոփոխությունների է բերում. մի կողմից՝ Վերահսկիչ պալատը դառնում է ավելի պատասխանատու իր հաշվետվության մեջ գրված փաստերի վերաբերյալ, մյուս կողմից՝ ստուգողները չափազանց բծախնդիր են լինում, որովհետև դրա արդյունքում իրենց քաղաքական իմիջի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այսինքն` ներմուծվելու է մի նոր ինստիտուտ, որը թույլ կտա խորհրդարանում տարվա ընթացքում քննարկման առարկա դարձնել ընթացիկ հաշվետվությունները, և եզրափակիչ հաշվետվությունը ամբողջ ծանրությունն իր վրա չի վերցնի,: 

Ուշագրավը, սակայն, այն է, որ ՎՊ ընթացիկ հաշվետվություններն արդեն իսկ քննարկվում են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվող ՎՊ խորհրդի նիստերում, որից հետո դրանք հրապարակվում են ՎՊ կայքէջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել