Ես չեմ զարմանում, որ Ջերմուկ հանքային ջրի գինը թանկացել է 10 դրամով, իսկ գարեջրինը՝ 50: Վաղը կարող է 150 - ով էլ թանկանալ: Չեմ էլ սպասում, որ որևէ մեկը կհիմնավորի, թե՝ ինչու՞: Չեմ էլ սպասում, որ իշխանափոխություն կլինի. ժողովրդական ուժերը կգան իշխանության և կբացառեն թանկացումները կամ թանկացնելուց էլ կբացատրեն, թե ոնց են ողջամտության սահմաններում դա արել: Այդ նույն ժողովուրդը չէ՞, որ ուրբաթ օրերին <<Հրազդան>> տոնավաճառի ավտոկայանատեղիի վարձավճարները սահմանում է 500 դրամ, իսկ մյուս օրերին՝ 200: Ինչու՞: Այն պատճառով, որ ուրբաթ օրերին հաճախորդներն ավելի շա՞տ են:

Նույ ժողվուրդը չէ՞, որ մեռելոցներին գերեզմանոցներում մեկ սովորական ծաղկեփունջը 1000 դրամով է վաճառում, իսկ երբ ասում ես՝ ախր, վաղը 500 դրամով ես վաճառելու, պատասխանում է, թե՝ 200 դրամով էլ չեն առնելու: Նույն ժողովուրդը չէ՞, որ Գառնու տաճար մտնելու համար տեղացիներից էլ տոմսի նույն արժեքն է պահանջում, որքան արտասահմանցիներից, մինչդեռ վերջիններիս համար գինն ավելի բարձր է սահմանված: Կասեք՝ այդ ամենը սոցիալական ցածր խա՞վն է անում: Լավ, բա բարձր խավը, դիցուք, գիտությամբ զբաղվո՞ղն ինչ է անում:

Այդ նույն ժողովրդի սոցիալական բարձր խավի ներկայացուցիչ Գրիգոր Բրուտյանը չէ՞, որ 2009 թվականին <<Էջմիածին>> հանդեսում հայկական ժողովրդական հեքիաթների վերաբերյալ հոդվածաշար է տպագրում և գրում է, թե իբր իրենից առաջ հայկական հեքիաթներով ոչ ոք չի զբաղվել: Միևնույն ժամանակ լավ էլ ծաղկաքաղ է անում Գագիկ Մարտոյանի՝ իրենից շուրջ 10 տարի առաջ հրապարակած գրքերից ու հոդվածներից և չի էլ բարեհաճում հղումներ կատարել: Ընդ որում թխում է նաև նույն սխալը, ինչ Գագիկ Մարտոյանն է թույլ տվել: Լավ, Գագիկ Մարտոյանը մի կողմ, խիղճդ կտրվի, գոնե Մանուկ Աբեղյանից օգտվելիս, հղումներ կատարեիր:

Չեմ հասկանում... Այս մարդկանց տեսակը չեմ հասկանում: Չեմ հասկանում, թե ինչու, երբ խաչմերուկում կանգնած ես, մարդը քիչ հեռվում կանգնած, սպասում է, թե երբ է մեքենադ տեղից պոկվելու, որ գա, մտնի անիվների տակ: Չեմ հասկանում, թե ինչու, երբ 80 կմ/ժ արագությամբ գալիս ես, մեկը փողոցն անցնում է այնպես, ինչպես նախիրից ետ ընկած եզը: Չեմ հասկանում, թե ինչու է եզան հայացքով քեզ նայում, երբ կտրուկ արգելակելուց հետո քիչ էր մնում, որ երկու - երեք մեքենա ջարդուփշուր լինեին: Էլի շատ բաներ չեմ հասկանում: Միայն մի բան եմ սկսել հասկանալ, թե ինչու Փոքր Մհերը խոստացավ քարանձավից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ ցորենը մասուրի չափ կդառնա: Ես վերջապես հասկացա. Մհերը, հազար ափսոս, երբեք էլ դուրս չի գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել