Ինչպես և կանխատեսվում էր, կառավարության հրաժարականը և նոր վարչապետի նշանակումը չկարողացան մեղմել ներքաղաղաքական ճգնաժամը Լիբանանում։
Հունվարի 13-ից այդ երկրի տարբեր շրջաններում, հատկապես մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են տարաբնույթ բողոքի գործողությունները, որոնք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և իրավապահների միջև բախումներով։
Նորանշանակ վարչապետ Հասան Դիաբին շուրջ 1 ամիս չի հաջողվում նոր կառավարություն ձևավորել, ազգային արժույթը՝ լիբանանյան լիրան, համաժողովրդական բողոքի գործողությունների մեկնարկից՝ 2019թ․ հոկտեմբերի կեսերից ի վեր արժեզրկվել է շուրջ 60%-ով։ Երկրում տնտեսական, դրանով պայմանավորված՝ նաև քաղաքական ճգնաժամը նոր երանգներ է ստանում՝ խաղաղ բնույթի ցույցերից տեղափոխվելով առավելապես բազմակողմանի բախումների, բռնարարքների հարթություն։
Թերևս, վերահաստատվում է այն տեսակետը, որ մերձավորարևելյան այդ կարևոր երկրում արմատացած արատավոր խնդիրները համակարգային բնույթ են կրում, և դրանց լուծման բանալին երկրի կառավարման, քաղաքական, տնտեսական համակարգերի խորքային, գուցե նաև ցավոտ և անկանխատեսելի հետևանքներով հղի փոփոխությունների տիրույթում է։