1in.am-ը գրում է.
«Հղիներին չի արգելվում մեկնել հանգստի, բայց հղիության բոլոր փուլերում պետք է լինել բժշկի վերահսկողության տակ: Եթե բարդություններ կան, խորհուրդ չի տրվում թեկուզ ամենամոտ երկիր գնալ»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց www.impoqrik.am կայքի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Պողոսյանը: Նրա խոսքով՝ հղիներին շատ է հետաքրքրում, թե այդ կարգավիճակում որտեղ կարելի է գնալ հանգստանալու, տրանսպորտային ինչ միջոցով, ինչ սնունդ կարելի է օգտագործել օտար երկրներում և այլն: Ըստ Լուսինե Պողոսյանի՝ հանգստի պետք է մեկնել հղիության սկզբնական փուլում, մեկնել տաք ամիսներին, վերցնել բժշկական բոլոր փաստաթղթերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դիմել բժշկի, դեղերը՝ նույնպես, քանի որ տվյալ երկրում կարող են չլինեն անհրաժեշտ դեղամիջոցները:
«Հղիների համար ամենահարմարը գնացքն է, ինքնաթիռով էլ կարելի է, եթե չկան հակացուցումներ, բայց մեքենայով ցանկալի չէ հանգստի մեկնել: Այլ երկիր կարելի է մեկնել մինչև երեսուներկու շաբաթական հղիությունը: Անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, լողափին լինել առավոտյան յոթից- ութն ընկած ժամանակահատվածում և երեկոյան»,- նշեց Լուսինե Պողոսյանը: Նա հղիներին խորհուրդ տվեց այլ երկրներ գնալիս օգտագործել բուսական, հարուստ սնունդ, կաթնամթերք և բացառել գազավորված, կծու և արագ պատրաստվող սնունդը:
Հոգեբան Անուշ Ալեքսանյանը հղիներին խորհուրդ տվեց առաջին հերթին ազատվել հղիությանը որպես հիվանդության վերաբերվելուց, լուրջ փոփոխությունների չենթարկել կյանքը, եթե չկան լուրջ ցուցումներ: Ըստ հոգեբանի՝ ապագա մայրիկները պետք է շարունակեն իրենց բնականոն կյանքը և ակտիվ կյանքով ապրեն:
«Հղիությունը լայնամակարդակ փոփոխություն է՝ և ֆիզիկական, և կարգավիճակի, և ինքնազգացողության, և շրջապատի վերաբերմունքի, բոլոր փոփոխությունները սթրեսային են. որքան էլ այդ կարգավիճակը ցանկալի է կանանց, միևնույն է՝ դա սթրես է, հնարավոր չէ լինել լիարժեք պատրաստ հղիությանը»,- նշեց հոգեբանը:
Նա նկատեց, որ հղի կանանց հետաքրքրում է իրենց հուզական դառնալու փաստը: Այս ընթացքում նրանք դառնում են ավելի նյարդային, զգայուն, հարաբերություններում կարող են նյարդայնացնել նույնիսկ ամենաաննշան խնդիրները: Հոգեբանի փոխանցմամբ՝ հղիները շատ են անհանգստանում իրենց նյարդայնանալուց՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել երեխայի վրա:
«Բայց որքան շատ ապրումներ ենք ունենում հղիության ընթացքում, այնքան ավելի հուզականորեն զարգացած է լինում երեխան, իհարկե՝ չափի մեջ, երեխային զգհացմունքների ողջ գունապնակը պետք է: Պետք չէ զսպել հույզերը»,- խորհուրդ տվեց Անուշ Ալեքսանյանը:
Նրա տվյալներով՝ հղիության ընթացքում կանանց դուր է գալիս իրենց արտաքին տեսքը, ոմանք նույնիսկ ընդգծում են դա: Ըստ հոգեբանի՝ արտաքին տեսքի հետ կապված բարդույթներ առաջանում են հետծննդաբերության շրջանում:



