168.am-ը գրում է.

2019թ. դեկտեմբերի 4-ին դատարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, հայտնի էր դարձել, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։ Ընդ որում, ՀՔԾ-ն ձեռնպահ էր մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հետախուզում հայտարարելուց շուրջ 1.5 ամիս անց 168.am-ը ոստիկանությունից ցանկացավ իմանալ, թե ինչո՞ւ նախկին գլխավոր դատախազը դեռ Հայաստանում չէ:

«Ձեռնարկվում են միջոցառումներ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ»,- եղավ Ոստիկանության պաշտոնական պատասխանը:

Մանրամասներ, բնականաբար, չներկայացվեցին, թեպետ իրականում մենք ուզում էինք օգնել իրավապահ կառույցին:

Ընդամենը 6 օր առաջ էինք զրուցել Գևորգ Կոստանյանի հետ, ի դեպ, նույն այն հեռախոսահամարով, որով միշտ զրուցել ենք նրա հետ: Ցանկանում էինք իմանալ՝ արդյո՞ք վերջինս փոխել է իր բնակության հասցեն, հեռախոսահամարը, աշխատանքի վայրը, և արդյո՞ք դրանք հայտնի են նախաքննական մարմնին:

Գևորգ Կոստանյանը, պարզվեց՝ ոչ հեռախոսահամարն է փոխել, ոչ էլ՝ բնակության և աշխատանքային հասցեները, և պատրաստակամորեն պատասխանեց մեր հարցերին՝ ասելով, որ այդ մասին տեղյակ է նախաքննական մարմինը:

Նա հիշեցրեց անգամ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, որ հետախուզում հայտարարում են այն դեպքում, երբ անձի գտնվելու վայրը հայտնի չէ:

«Հիմա ամբողջ աշխարհը գիտի՝ ես որտեղ եմ, բացի մեր նախաքննության մարմնից»,- մեզ հետ զրույցում տարակուսել էր Գևորգ Կոստանյանը:

Հիմա իսկապես շատ հետաքրքիր է, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ, ի՞նչն իրենց հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել