168.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հունվարի 13-ի ասուլիսից պարզ դարձավ, որ Ryanair լոուքոսթ ավիաընկերության շուրջ մի քանի ամիս առաջ բարձրացրած դրական աղմուկն այնքան էլ դրական չէ: Հենց Քաղավիացիայի նախագահը հայտնեց, որ Ryanair-ի ոչ բոլոր ավիատոմսերն են 30 եվրո, ինչը նախկինում անընդհատ շեշտվում էր, ու հավելեց, թե լոուքոսթ ավիաընկերությունից օգտվել՝ դեռ չի նշանակում, որ ավիատոմսի ու ծառայությունների ընդհանուր արժեքը լինելու է էժան:

Երբ Քաղավիացիայի կոմիտեն հայտնեց Ryanair ավիաընկերության հետ տարվող բանակցությունների մեկնարկի մասին, «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Սիմոնյանը, որը նաև աշխատել է Ryanair ավիաընկերությունում որպես ուղեկցորդ ու հաճախ ասել է, թե Ryanair-ը ներսից գիտի, սկսեց ահազանգել ընկերության ներկայացրած վտանգների մասին:

2020 թվականի հունվարի 7-ին Սարգիս Սիմոնյանն անգամ բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կրկին շեշտել էր Ryanair ընկերության ներկայացրած վտանգի, սպառողներին գրավելու մարքետինգային խաղերի, կոռումպացված լինելու ու անվտանգության խնդիրների մասին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում ասաց, թե հանդիպել է Սարգիս Սիմոնյանի հետ, ու զրույցը հիմնականում առնչվել է աշխատողների հետ ընկերության վերաբերմունքին ու ուղևորների բողոքներին:

168.am-ի հետ զրույցում Սարգիս Սիմոնյանն ասաց, թե Տ. Ռևազյանի հետ հանդիպել է 2019 թվականի ամռանը, սակայն խոսակցության հիմնական թեման Ryanair ավիաընկերության աշխատողների հարցը չի եղել:

«Ռևազյանն ասաց, որ բավականին իրազեկված է Ryanair-ի վերաբերյալ, սակայն ասաց, որ Հայաստանին պետք է տուրիզմը, պետք է այս համագործակցությունը, որպեսզի աճ լինի, և Հայաստան գալու հնարավորություններ բացվեն միջին հնարավորությունների մարդկանց համար»,- խոսելով հանդիպման մասին՝ 168.am-ին ասաց Սարգիս Սիմոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ նաև առաջարկություններ է արել  Քաղավիացիայի կոմիտեի նախագահին:

«Երբ 1985 թվականին Ryanair-ը ստեղծվեց, ընդամենը 1 ինքնաթիռով 1 թռիչք էր կատարում՝ Իռլանդիայից Անգլիա: Իրենք ինքնաթիռներ վարձեցին: Հայաստանն ի վիճակի է այս պահին պայմանագրեր ստորագրել վարձակալել ինքնաթիռներ և ստեղծել տեղական ավիաընկերություն: Չէ՞ որ, երբ Հայաստանից որևէ ինքնաթիռ թռնի եվրոպական երկիր, այդ երկիրը սուբսիդիաներ է վճարելու Հայաստանին: Այդպես շահույթը կմնա Հայաստանին, ոչ թե մենք կախում կունենանք այլ երկրի կոռուպցիոն ընկերությունից»,- ասաց Սարգիս Սիմոնյանը:

Նա վստահեցնում է՝ Ryanair-ի ներկայացրած 30 եվրո արժողությամբ ավիատոմսով թռիչքն իրականությանը չի համապատասխանում ու դա զուտ մարքետինգային քայլ է, որն ուղղված է «մարդկանց շահագործելուն և վստահությունը չարաշահելուն»;

Սարգիս Սիմոնյանի խոսքով՝ այսօր շատերը Ryanair ավիաընկերության դեմ դատական հայցեր չեն ներկայացնում, որովհետև ընկերությունն ունի ամենահզոր իրավապաշտպան թիմերից մեկն աշխարհում: Գուցե հենց սրա մասին էր հունվարի 13-ի իր ասուլիսում զգուշացնում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, երբ ասում էր, թե պետք է «ուշադիր լինել, ամեն տողը կարդալ, որովհետև ավիաընկերությունները նենց են իրենց կայքում տվյալները դրել, որ հետո շատ դժվար կլինի գալ, ասել՝ «բայց Դուք ինձ չեք ասել», որովհետև հաստատ մի տեղ գրված լինելու է: Շատ քիչ հավանական է, որ դուք նենց խնդիր գտնեք, որ այդտեղ մի տեղ՝ փոքր տառերով գրված չլինի»:

«Ես կողմ եմ, որ Հայաստանում լինի լոուքոսթ ընկերություն, բայց դեմ եմ, որ դա լինի Ryanair-ը, որովհետև այն մեծ խնդիրներ է առաջացնելու, տնտեսական խնդիրներ: Եթե միայն Ryanair-ը լինի լոուքոսթ ընկերությունը, որը կվերահսկի թռիչքները եվրոպական ուղղություններով, ապա 2 տարի անց Հայաստանում կլինի նույն կոռուպցիոն վիճակը, ինչն այսօր Բելգիայի Շառլեռուա քաղաքում է»,- 168.am-ին ասաց Ս. Սիմոնյանը:

Փաստորեն այժմ Բելգիայի Շառլեռուա քաղաքում թռիչքների 85%-ը սպասարկում է Ryanair ավիաընկերությունը: Շատերն են պնդում, որ օդանավակայանը դժգոհ է ավիաընկերությունից, քանի որ բազմաթիվ բողոքներ է ստանում ուղևորներից ու ավիաընկերության աշխատողներից:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այսօր Շառլեռուա քաղաքում չեն կարող Ryanair-ի հետ համագործակցությունը դադարեցնել, որովհետև օդանավակայանը կփակվի:

Սարգիս Սիմոնյանի խոսքով՝ իր հետ զրույցում Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով աշխատակիցների հարցում Ryanair ավիաընկերության քաղաքականությանը, ասել է, թե հայ ուղեկցորդ-ուղեկցորդուհիներ ընկերությունում չեն աշխատելու: Սա ևս Սարգիս Սիմոնյանին չի բավարարել, քանի որ նա կարծում է, որ առաջիկա 3 տարում շատ հավանական է, որ Հայաստանում ևս կբացվի Ryanair-ի մասնաճյուղ, և հայերի համար աշխատանքի նոր հնարավորություններ:

Հենց աշխատանքային պայմանների պատճառով է Սարգիս Սիմոնյանը Ryanair ավիաընկերության հետ խնդիրներ ունեցել:

Մեզ հետ զրույցում Ս. Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց՝ ասելով, թե աշխատանքի ընդունվելուց մեկ ամիս անց արդեն հասկացել է, որ խախտվում են իր հետ կնքած պայմանագրի դրույթները:

«Չպահպանվեցին ո՛չ աշխատավարձի պայմանները, ո՛չ արձակուրդի պայմանները: Առաջին ամիսը նկատեցի, որ աշխատավարձը 70% քիչ է, քան նախատեսված էր, և խախտվում էին մարդու իրավունքները, չկար կյանքի ապահովագրություն, թոշակի ապահովագրություն: Ոչ մի բան ապահովված չէր, հարկեր էինք վճարում Իռլանդիային՝ առանց այնտեղ ապրելու»,- ասաց Սարգիս Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի՝ նա աշխատել է 200 ժամ, բայց ամսական ստացել 600-700 եվրո աշխատավարձը, ինչը Բելգիայում համարվում է ցածր, անգամ արգելված աշխատավարձ: Ու Ryanair ավիաընկերությունն էլ նրան աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ վերջինս սկսել է լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ ընկերությունում աշխատակիցների վիճակի մասին:

«Նման համագործակցությունը պետք է ավելի խորն ուսումնասիրվի, քանի որ 3 տարի հետո Ryanair-ը կգտնի մի միջոց, որ ստիպի Հայաստանին սուբսիդիաներ վճարել: Եթե՝ ոչ, ապա կասի՝ «ես հեռանում եմ»: Այդ դեպքում կստեղծվի մեծ տնտեսական քաոս»,- եզրափակեց Սարգիս Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել