ԱՄՆ-ի նախագահի անմիջական հրահանգով իրականացված իրանական ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հատուկ գործողությունը և դրա հետևանքները որոշակիորեն տեղավորվում են նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի դեմ մարտավարության տրամաբանության մեջ։
2018թ․ մայիսին Միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալուց հետո Սպիտակ տունը պնդում էր Թեհրանի հետ նոր, առավել համակողմանի պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը, որն իր մեջ ներառելու էր, միջուկայինից բացի, նաև Իսլամական հանրապետության հրթիռաշինության ոլորտների վերահսկողությունը, ինչպես նաև տարածաշրջանային «ահաբեկչական» խմբավորումներին Թեհրանի կողմից ցուցաբերվող օժանդակության բացառումը։
Տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, մանևրային և այլ միջոցներով չկարողանալով հասնել սեփական նպատակներին՝ Թրամփի թիմը, ըստ էության, դիմում է նշված ուղղություններով առանձին քայլերի տրամաբանությանը։ Մասնավորապես՝ Սոլեյմանիի «լիկվիդացումը» կարելի է դիտարկել նաև Իրանի տարածաշրջանային ակտիվության սահմանափակման տրամաբանության մեջ, քանի որ սեփական հովանավորյալ կառույցներին Թեհրանի աջակցությունն իրականացվում էր առավելապես «Ղոդս» ուժերի միջոցով և հատկապես սպանված զորահրամանատարի ջանքերով։
Իսկ ամերիկյան հատուկ գործողությանն ի պատասխան Թեհրանի իրականացրած քայլերը, մասնավորապես՝ միջուկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ամբողջական դադարեցումը վկայում է փաստաթղթի, ըստ էության, այլևս չգործելու մասին, ինչին ավելի քան 1,5 տարի ձգտում էր հասնել Սպիտակ տունը՝ համաձայնագրի մասնակից մյուս գործընկերների՝ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների և Գերմանիայի հետ դիվանագիտական շփումներում։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է միանշանակորեն հավաստել, որ դեռևս բավական վաղ է՝ լիարժեքորեն և առավել առարկայորեն գնահատելու ԱՄՆ-ի վերջին հակաիրանական գործողությունների արդյունավետության աստիճանը, քանի որ այն պետք վերլուծել տարածաշրջանային հետագա զարգացումների համապատկերում։
Միևնույն ժամանակ, անշուշտ, պետք է հաշվի առնել, որ նաև քննարկվող գործընթացները հարկ է դիտարկել Թրամփի վարչակազմի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական օրակարգերի և հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում։