2019թ․ նոյեմբեր ամսվա կեսերին Արարատի մարզի Ազատի ջրամբարից Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանի կարգադրությամբ բաց է թողնվել 5 մլն խմ ջուր՝ Արաքս գետի միջոցով դեպի Կասպից ծով՝ նվեր։

Հիշեցնեմ, որ անցած տարի Արարատի մարզի մի շարք համայնքների՝ Քաղցրաշենի, Այգեստանի, Վեդիի տարածաշրջանի և այլ համայնքների բնակիչներ ոռոգման ջուր չունենալու խնդրի հետ կապված դժգոհություններ էին հայտնել և բողոքի ակցիաներ իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Այսինքն՝ գյուղացուն ոռոգման սեզոնին ջուր քիչ էին տալիս, հետևաբար, մարդկանց բերքը դաշտերում չորանում էր, որ սեզոնի վերջում ջուրը անիմաստ բաց թողնեիք Արա՞քս։

Ինչպես տեսնում ենք, խիստ չորային ձմեռ է, և ոռոգման սեզոնին ունենալու ենք ջրի մեծ պակաս, ինչը Ազատի ջրամբարի մասով մեծ չէր լինի, եթե անիմաստ 5 մլն խմ ջուր բաց չթողնվեր։ Ի դեպ, երբ Նիկոլը հպարտանում էր, թե անցած տարի Սևանից ոռոգման նպատակով ջուր քիչ է բաց թողնվել, իսկ դա եղել է ջրամբարների լցվածության պատճառով։ Այս տարի ստիպված կլինենք նորից ավելի շատ ջուր բաց թողնել Սևանից ոռոգման նպատակով։ Տեղեկացնեմ, որ ոռոգման համակարգը գտնվում է Հարություն Գուլյանի կառավարման ներքո։

Հավելեմ, որ հարցում եմ ուղարկելու Ջրային կոմիտե, թե ինչ հիմնավորմամբ է այդքան մեծ ծավալի ջուր բաց թողնվել Ազատի ջրամբարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել