Pastinfo.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ պրակտիկորեն բոլորի հետ հակադրվում է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, Գագիկ Ծառուկյան, նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում էին իր հետ համագործակցել, օրինակ, ԼՀԿ նախագահը։ Պրակտիկորեն նա հայտարարեց, որ իր քաղաքականությանը խոչընդոտում է ամբողջ պետական համակարգը եւ կարելի է ասել, որ Փաշինյանը, լինելով հակահամակարգային մարդ, չի կարողանում համագործակցել քաղաքական թիմերի ու պետական համակարգի մեջ ու քանի որ չի կարողանում, ամենուր դավադրություններ է տեսնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Վանեցյան-Փաշինյաններ «փոխհրաձգությանը»։

Ըստ քաղաքագետի, չի բացառվում, որ այդ դավադրությունները ոչ միայն վիրտուալ բնույթ են կրում, այլեւ իրական լինեն։ «Երբ կա քաղաքական պայքար, երբ նրան նախկին իշխանություններն են հակադրվում, դա հասկանալի է, բայց երբ խուլ հակադրություն կա նաեւ պետական համակարգում, ինչը կարծում եմ, որ տվյալ իրավիճակում բնական, է իր մոտ վախեր են առաջանում, բայց խնդիրը ոչ թե այդ մարդիկ են, այլ ինքն է» ,-կարծում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով, ըստ ամենայնի, վարչապետը կարծում է, որ Վանեցյանն այդ , այսպես ասած դավադրություններում, առանցքային գործիչ է դարձել եւ այդ իսկ պատճառով նախապես փորձում է նրան չեզոքացնել։ «Հասկանում ենք, որ Վանեցյանին չի կարելի պիտակավորել որպես նախկին իշխանության ներկայացուցիչ , մեղադրել մարտի 1-ի մեջ, չարաշահումների մեջ, որովհետեւ նա վերջին 1-1.5 տարվա ընթացքում եղել է Փաշինյանի «կոմիսար Կատանիի» կարգավիճակում եւ որպեսզի Վանեցյանի դեմ կարողանա ճակատ բացել, պետք է բացի բարոյական ճակատ, որովհետեւ գաղափարական չի կարող բացել։ Այսինքն նա հասարակությանը պետք է ներարկի այն գաղափարը, որ ինքը Վանեցյանի դեմ պայքարում է, որովհետեւ նա իրեն դավաճանում է, իսկ ինչի՞ մեջ կարող է դավաճանել, բնականաբար, անձնական , ընտանեկան խնդիրների հետ կապված, որպեսզի հանրության մոտ հուզական , սրտաճմլիկ վիճակ առաջանա»,-շեշտեց քաղաքագետը՝ այսկերպ բացատրելով այն փաստը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ՀՀ վարչապետն արձագանքում է 20-ամյա դստեր՝ Մարիամ Փաշինյանի միջոցով։

Բոզոյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հակառակորդների վերաբերյալ հասարակության շրջանում փորձում է ձեւավորել միֆեր եւ այդկերպ պայքարել նրանց դեմ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում հանրությանն է հրամցրել այն, որ Մարտի 1-ը նա է կազմակերպել, Վանեցյանի դեպքում ՝ դավաճանի միֆն է ձեւավորում։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ ուղղված մեղադրանքներով հոդված էր հրապարակվել, իբրեւ թե վերջինս է համակարգել լրատվամիջոցներով Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ ուղղված քարոզչական արշավը։ Այս հրապարակումն իր ֆեյսբուքյան էջում կից գրառմամբ տեղադրել էր Փաշինյանի 20-ամյա դուստր Մարիամ Փաշինյանը։ Արթուր Վանեցյանը արձագանքել էր հոդվածին՝ նշելով որ «այդ կեղծիքն անպատասխան չի մնա», իսկ վերջինիս արձագանքին ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել էր Մարիամ Փաշինյանը՝ նրան դիմելով անունով։ «Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ: Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք»,-գրել էր վարչապետի դուստրն ու հավելել.«Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ»:

«Եթե նկատեցինք, Փաշինյանն իր դեմքով չի մեղադրում, «Հայկական Ժամանակ» թերթում անանուն հոդված է, հնդկական կինոյի սցենարի նման՝ ինչ որ մեկը մոտենում է փողոցում, ինչ-որ բաներ է պատմում «Վստրեչի Ապեր»-ի մասին, վերջինս վախենում է , փախչում է Հայաստանից, այդ սցենարը այնքան ծիծաղելի է, որ ես չգիտեմ, թե հասարակության ո՞ր անմեղսունակ հատվածի վրա կարող է աշխատել, միգուցե այդպիսի հատված կա, եթե այդպիսի հատված չլիներ, նա այդպիսի հոդվածով հանդես չէր գա եւ որպեսզի այդ բարոյախրատական ու սրտաճմլիկ բաներն աշխատեն, խաղի մեջ է մտցրել ընտանիքի անդամներին եւ ինքն անձամբ, թվում է, թե այդ ամենից վեր է մնում եւ կփորձի, այսպես ասած, վերջին պահին իր գնահատականները տաել »,-բացատրում է քաղաքագետը։

Դիտարկմանը, թե որքանո՞վ է կոռեկտ երիտասարդ աղջնակի միջոցով նման խնդիրներ լուծելը եւ առհասարակ, վերջինիս գրառման փաստն ինքնին, Երվանդ Բոզոյանն արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ Դուք կոռեկտության մասին հարց եք տալիս։ Մարդը, որի հրահանգով ՍԴ նախագահի հորն ու երեխաներին կանչում են ԱԱԾ, որպեսզի հարցաքննեն, նրա սանիկներին են կալանավորում, այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է խոսել կոռեկտության մասին։ Կապված Ռոբերտ Քոչարյանի դատավարության, դաշնակցական երիտասարդների նկատմամբ գործողությունների, այն բանի հետ կապված, որ 2 երիտասարդ դատավորին հարց են տալիս եւ կալանավորվում են, այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է զարմանալ, որ նա կոռեկտ չէ այս հարցի շուրջ։ Ասեք մի երկիր, որտեղ գործադիր իշխանությունը ՍԴ նախագահին կալանավորելու հայտ ներկայացնի։ Քարտեզի վրա չկա այդպիսի երկիր, նույնիսկ տեսականորեն, եթե ուզում են այս կամ այն մարդուց ազատվել, փորձում են դա քողարկված անել, սա աննախադեպ է ոչ միայն ՀՀ 30 տարվա պատմության այլեւ հետխորհրդային տարածքի, ասիական տարածքի համար, այդպիսի բան չի եղել։ Սա աներեւակայելի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել