Հավանաբար Դավիթ Անանյանի պրոֆեսիոնալիզմն էր, որ այսօրվա ասուլիսի ընթացքում երկու շատ կարևոր փաստ ջրի երես հանեց:

Առաջին պարզ իրողությունը, որի մասին խոսեց ՊԵԿ նախագահը, հսկիչ դրամակղային կտրոններից (ՀԴՄ) ստացված եկամուտի փոքր մասնաբաժինն է բյուջեի հարկային համախառն եկամուտների կառուցվածքում: Սա նշանակում է, որ բյուջեով նախատեսված ծախսերն էլ իրականում քիչ մասնաբաժնով են կախված ՀԴՄ-ներից ստացվող եկամուտներից: Հետևաբար թոշակառու տատիկ-պապիկներին «ավելի շատ թոշակ ստանալու համար պահանջիր ՀԴՄ» վարչապետի մոդելը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմի դրսևորում:

Սա իհարկե չի նշանակում, որ ՀԴՄ կտրոն պահանջել պետք չէ, իսկ այս ուղղությամբ Կառավարության կողմից իրականցվող քաղաքականությունը՝ սխալ է, սակայն ՀԴՄ-ի նշանակության գերագնահատումը հղի է հանրային տրամադրությունների հետ կապված ռիսկերով:

Անանյանի նշած երկրորդ հանգամանքը մարդկանց կողմից ՀԴՄ կտրոն չտվողներին տեսանկարահանելու մասին Փաշինյանի հանձնարարականին է վերաբերում: Դեռևս Կառավարության նիստում, մարդը պատշաճ ներկայացրեց փաստեր, թե ինչու դա հնարավոր չէ, գուցե նաև՝ չի կարելի իրականացնել: Իսկ այսօր՝ ասուլիսի ժամանակ, խոստովանեց, չնայած բոլոր մտահոգություններին, հանձնարարականը կա և երկու օր անց ՊԵԿ-ում պետք է «տեսնեն, թե ինչպես կարելի է դա իրականացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել