Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է «Հնարքներ») գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:

Պարբերականը գրքի անոտացիայում նշում է՝ ՄըքՔորմիկի նովելն սկսվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից մոտ 60 տարի անց՝ վաղ 1970-ականներին Կիրովականում տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ: Պատմվում է Խորհրդային Հայաստանում երկու զարմիկների մասին. նրանք միմյանց սիրում էին հարազատ եղբայրների պես: Նրանցից մեկը Ռուբեն Պետրոսյանը, որը խոստումնալից նարդի խաղացող էր, հետաքրքրված էր քաղաքականությամբ, իսկ Ավո Գրեգորյանը՝ գրավիչ մի երիտասարդ, աստիճանաբար դառնում է պրոֆեսիոնալ ըմբիշ Միացյալ Նահանգներում:

Ռուբեն Պետրոսյանը հետաքրքրված է նախնիների պատմությունն ուսումնասիրելով: Ռուբենին վշտացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը, այն հանցագործության, որը մինչև օրս հերքվում է դրա ոճրագործների սերունդների կողմից, և նա երազում է վրեժխնդրության մասին: Երբ նրա որբ զարմիկը գալիս է ապրելու իր ընտանիքի հետ, Ռուբենի կյանքը փոխվում է: Սակայն նրանց ճանապարհները բաժանվում են, երբ Ռուբենն անհետանում է, սկսում մի գործունեություն, որը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ճակատագիրը զարմիկներին նորից միավորում է, երբ Ռուբենը գաղտնի կերպով կապվում է Ավոյի հետ, համոզում, որ հեռանա իր սիրեցյալ Մինայից, միանա իր գործունեությանը՝ ընտրություն, որը կտրուկ փոխում է նրանց կյանքը:

Ինչպես գրքի մասին նկարագրությունում է նշված՝ այն սթորիթելինգի գլուխգործոց է: Հեղինակը հիանալի կերպով նկարագրում է պատմության և անարդարությունների ազդեցությունը սովորական կյանքի վրա:

«Մանրապատկերային ուրվագիծն այս վեպն անխուսափելիորեն դարձնում է գերհագեցած, բայց ՄըքՔորմիկն այն հիանալի կերպով ճկուն է դարձնում»,-գրել է գրախոսներից մեկը:

Քրիս ՄըքՔորմիկը ծնունդով Կալիֆոռնիայից է, սակայն նրա մայրն ԱՄՆ է տեղափոխվել Հայաստանից: Քրիսն այժմ Մինեսոտա նահանգի համալսարանի դոցենտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել