Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ շեշտելով, որ կալանավորման մասին որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր։ «Գտնում ենք, որ նման դատական ակտերը մեր դատական համակարգին պատիվ չի բերում՝ անկախ նրանից, թե գործը ում վերաբերյալ է քննվում։ Գտնում ենք, որ նման դատական ակտեր չպետք է կայացվեն ընդհանրապես»,- ասաց Պիվազյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ,2018 թվականի դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նա Հայաստանին արտահանձնվեց հայտնաբերվելուց մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին եւ քննիչը դեկտեմբերի 23-ին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը դեկտեմբերի 24-ի որոշմամբ բավարարվեց։

Նարեկ Սարգսյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել