168.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացրել ենք, ավարտվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) մեզ տեղեկացրել էին, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին:

168.am-ի հետ զրույցում Երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը հաստատեց, որ այս պահին ծանոթանում են գործի նյութերին, և հավելեց, որ դրանց  միայն հպանցիկ ծանոթացումը բավարար է՝ հասկանալու համար մեղադրանքի անհեթեթությունը, և, թե ինչպես է փաթեթավորված այս գործը:

Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է՝ դատաքննության փուլում մանրամասներ ի հայտ գան, որոնք կփլուզեն այս գործը, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ինքնին այստեղ ո՛չ գործ կա, որ փլուզվի, ո՛չ էլ մեղադրանք»:

«Մենք զարմացած ենք, որ ցանկությունների իրականացման մակարդակով քննված քրեական գործի հետ գործ ունենք: Կարճ ասած՝ շինծու մեղադրանք է ու իրականացված քաղաքական հետապնդում»,- ասաց Երրորդ նախագահի պաշտպանը՝ նշելով, որ որևէ բավարար ապացույց գործում առկա չէ:

Նա շեշտում է, որ սա բացառապես մեկ շինծու ապացույցի, մեկ մարդու ցուցմունքի հիման վրա սարքված քրեական գործ է:

Հարցին, թե այլ քննչական գործողություններ եղե՞լ են արդյոք Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ որևէ նոր քննչական գործողություն կամ հարցաքննություն չի եղել:

«Ընդամենը մեկ հարցաքննություն է եղել, որի մասին հասարակությունը տեղեկացվել է»,- նկատեց պաշտպանը:

Ամրամ Մակինյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու ակնհայտ ապօրինի որոշումը բողոքարկվել է դատախազին, ինչի վերաբերյալ դեռ որևէ պատասխան չունեն:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ ՀՔԾ հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Այդ օրերին մամուլը գրեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, և այդ մարդը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել