Pastinfo.am-ը գրում է․

Հունվարի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի խափանման միջոցի հարցով նիստը նշանակված է եղել հունվարի 15-ին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց՝ քրեակատարողական ծառայությունից դատարանին են դիմել, ներկայացվել է նաև բժիշկների համապատասխան եզրակացությունն այն մասին, որ Կարեն Ծաղիկյանի հիվանդություններն անհամատեղելի են վերջինիս կալանքի հետ։

«Կարծում եմ՝ նման դեպքերում, երբ կա մարդու կյանքի ու մահվան հարց, դատավորներն այդ գործերը խիստ արագացված ընթացակարգով պետք է քննարկեն։ Պետք է դատավորներին հանձնարարական լինի, որ երբ իրենց օրակարգ է գալիս նման հարց, այստեղ ամեն վայրկյանն ու րոպեն նշանակություն ունեն։ Դատական նիստը նշանակել 30 կամ 20 օր հետո այն դեպքում, երբ ասում են, որ դատապարտյալը կամ կալանավորը վաղը կարող է չլինել, լուրջ խնդիր է»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ երբ դեկտեմբերի վերջին հանձնաժողովի անդամների հետ այցելել էին «Դատապարտյալների հիվանդանոց» և մի քանի քրեակատարողական հիմնարկներ, պաշտոնական նամակով դիմել է Արդարադատության նախարարություն և նշել այն կալանավորների ու դատապարտյալների անունները, որոնք նաև ըստ «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկների ունեն կալանքը որպես պատիժ կրելու անհամատեղելիություն. «Իմ դիմումի մեջ նշել եմ, որ այս մարդկանց խափանման միջոցը պետք է անպայման փոխվի, որովհետև նրանց հիվանդություններն ուղղակի անհամատեղելի են կալանքի հետ։ Այս պահին նույնպես «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կան դատապարտյալներ ու կալանավորներ, որոնց վիճակը ծայրահեղ է։ Նրանցից երկուսը շաքարի այնպիսի բարձր դոզա ունեն, որ երբ փորձում են չափել նրանց շաքարը, ապարատն ուղղակի տրաքում է։ Նրանցից մեկն ազգությամբ վրացի է»,-նշեց պատգամավորը։

Վերջինս նկատեց՝ իրենց ահազանգից հետո փոխվել է Վահե Մելոյանի խափանման միջոցը, ով սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ էր։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Վահեի կյանքը կախված էր ժամերից. «Մեկ օր ավել այնտեղ մնար, ուղղակի չէր լինելու։ Թե ինչ եղավ հետո Վահեի հետ, դա մեկ այլ էպոպեա է։ Երբ նրան փորձել են տեղափոխել մեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունք, պարզվել է, որ դրանք գերծանրաբեռնված են և տեղ չկա։ Նրան տեղափոխել են Վանաձոր, որտեղ վերջինս սրտի կանգ է ունեցել, մի կերպ այնտեղից կարողացանք նորից տեղափոխել Երևան։ Այսինքն` սրանք համակարգային լրջագույն խնդիրներ են, որոնք կարծում եմ պետք է հրատապ և օպերատիվ կերպով լուծվեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս հավելեց, որ վաղն այցելելու է «Դատապարտյալների հիվանդանոց» և կրկին բարձրաձայնի այն հարցը, որ կան դատապարտյալներ ու կալանավորներ, որոնց խափանման միջոցը րոպե առաջ պետք է փոխվի։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի պատրաստման մեջ մեղադրվող կալանավոր։

Քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել