168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ երիտասարդների հետ հունվարի 5-ին Արտանիշ լեռան գագաթից խաղաղության կոչ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը տեղեկացրեց՝ Արտանիշ լեռան վրայից արված իր կոչը համարում է ուղերձ՝ ի նշան տարածաշրջանի խաղաղության.

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը ևս մեզ համար բարեկամ երկիր է, և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում։ Համապատասխան կառույցներին տրվել եմ հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին և «մատը պահել զարկերակին»»։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ գեներալի սպանությունը կատարել են իր հորդորով, Իրանը սպառնաց, որ Սոլեյմանիի վրեժը կլուծի և կոչնչացնի Միացյալ Նահանգները։

Ինչո՞ւ վարչապետը որոշեց խաղաղության կոչ անել Արտանիշ լեռան գագաթից, և ինչպիսի քաղաքական տեխնոլոգիա էր վարչապետի այդ քայլը. այս հարցերը 168.am-ն ուղղեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

Ըստ նրա՝ վարչապետի այդ քայլում որևէ քաղաքական տեխնոլոգիա չկար, պարզապես նա այդպես է նպատակահարմար գտել։

«Վարչապետի այդ հայտարարությունն իրենից որևէ կարևորություն չէր ներկայացնում, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման վրա  Հայաստանի վարչապետի հայտարարությունը որևէ նշանակություն չունի, ուզում է՝ այդ հայտարարությունն անի սարի գլխից, սարի տակից կամ ստորոտից։

Համոզված եղեք, որ վարչապետի այդ հայտարարությունը որևէ միջազգային լրատվամիջոց չի էլ նկատել»,- ասաց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի հերթական կոչին, որ պետք է մի քիչ ավելի գումար ծախսել Հայաստանում պատշաճ սանհանգույց ունենալու համար, Արմեն Բադալյանը նշեց, որ Հայաստանում շատ կարևոր հարցեր կան, որոնց վրա է առաջին հերթին պետք ուշադրություն դարձնել։

«2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո Հայաստանում այնքան շատ հարցեր կային, որոնց պետք է նոր իշխանություններն անդրադառնային, և ոչ միայն՝ անդրադառնային, այլև դրանց լուծումը պետք է ընթացքի մեջ լիներ, հատկապես՝ ռազմավարության հետ կապված։ Վարչապետի պատկերացումները՝ ապագա տնտեսական հեղափոխության մասին, սկսվում են զուգարաններից, ի՞նչ կարող ենք ասել»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասարակությունը կարողանա նոր ընդդիմություն ստեղծել, որը կդառնա իշխող թևի այլընտրանքը, որը կփորձի ընտրությունների միջոցով գալ իշխանության։

«Կարծում եմ՝ դրսից ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինելու, քանի որ Արցախում առաջիկայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Եթե Արցախում վարչապետին հաջողվի իր թեկնածուին դնել, ապա Հայաստանում միանձնյա իշխանությունը կշարունակվի, տեսնում ենք, որ անձնիշխան համակարգն ամրապնդվում է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստին վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարաններին:

«Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է։ Երբեմն տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5-աստղանի ռեստորան, աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի շրջանում ես գտնվում: Չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել և, ենթադրենք, ալարել 50 հազար ավել ծախսել: Սա նաև քաղաքաշինական նորմերի հարց է»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել