168.am-ը գրում է․

«ԱՄՆ-Իրան առճակատումը, հնարավոր  է, վերաճի տարածաշրջանային պատերազմի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի համար այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Իրան-ԱՄՆ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ ի պատասխան ԱՄՆ օդուժի կողմից օրերս Բաղդադում իրանցի հեղինակավոր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության՝ այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք «Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի հարթակ կդառնան»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես գալու առավոտյան՝ կորուստների չափն ամերիկյան կողմի համար հաշվարկելուց հետո: Վերջին ժամերին Իրան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին են անդրադառնում գրեթե բոլոր հեղինակավոր կառույցներն ու երկրները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավիճակով պայմանավորված, Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Իր ֆեկսբուքյան էջում նա գրել է. «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»:

Նիկոլ Փաշինյանը խաղաղության և իմաստնության կոչով դիմել էր ԻԻՀ և ԱՄՆ նախագահներին նաև հունվարի 5-ին Արտանիշ լեռան լանջից:

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ իրավիճակի ազդեցությունը Հայաստանի վրա  կախված է նրանից, թե ինչպես հետագայում կզարգանա  հակամարտությունը:

«Սակայն սկզբունքորեն որևէ դրական միտում ես չեմ տեսնում, քանի որ Հայաստանը բավականին մոտ է Իրանին, իսկ Իրանին առաջիկայում լավ օրեր չեն սպասվում թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, կորուստներ առևտրում, և այլն:

Հակամարտությունն ունի լուրջ լարման մեծ ներուժ, հնարավոր է՝ հակամարտությունը վերաճի մեծ տարածաշրջանային պատերազմի: Հնարավոր է, որ Հայաստանն ուղիղ կերպով չներքաշվի ռազմական գործողություններին, բայց ամեն դեպքում  հետևանքները բացասական են լինելու: Իրանն ու ԱՄՆ-ը միանշանակորեն միմյանց հասցնելու են հավելյալ հարվածներ, իսկ հակամարտությունն իրեն չի սպառել: Այդ հարվածներն ամեն տեղ կարող են լինել ոչ միայն երրորդ երկրներում: Բայց ինձ համար բարդ է ասել, սպասենք, չգիտեմ, թե ինչպիսի օպերատիվ պլաններ կմշակվեն, հնարավոր է՝ ինքնաթիռներն արդեն օդում են և վաղուց թռնում են հստակ նպատակներով, եթե դրանք ԱՄՆ-ից ժամանող ինքնաթիռներ են, ապա դեռ ժամանակ կա»,- ասաց նա:

Խոսելով ՀՀ դիրքորոշման մասին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այս առճակատման հարցում դիրքավորվել՝ որպես չեզոք:

«Ինչպես ասում են դիրքորոշումը հետևյալն է. «և՛  մեզ, և՛ ձեզ», բայց  որքանով դա կհաջողվի՝ դժվար է ասել: Հայաստանը սովոր չէ հավասարակշռել իր հարաբերությունները գերտերությունների միջև, հատկապես այն իրավիճակում, երբ նրանք միմյանց կոկորդից են բռնել»,- ասաց նա:

Ֆելգենգաուերի կարծիքով՝ ուղիղ կերպով ազդեցություն ԼՂ հակամարտության գոտու վրա ևս չի լինի: «Իհարկե, տարածաշրջանում կլինի լարում, որը կանդրադառնա Արցախյան հիմնախնդրի վրա: Հատկապես, երբ գերտերությորւնները զբաղված կլինեն այլ հարցերով, հնարավոր է՝ ավելի փոքր տերություններն օգտվեն իրավիճակից՝ լուծելով իրենց սեփական հարցերը: Ասեմ, որ ներկայումս ամեն ինչ էլ հնարավոր է, և որևէ դրական զարգացում չեմ կանխատեսում»,- եզրափակեց Ֆելգենգաուերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել