168.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին, ժամը 9:45 կհրապարակի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության փակ քննությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր այսօր առավոտյան ժամը 10-ից:

Նորայր Փանոսյանի պաշտպանական կողմի համար վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած հիմքերն ընդամենը «թղթերի կույտ է»:

«Ներկայացվածը ես գնահատում եմ՝ որպես թղթերի կույտ, ոչ թե՝ որպես հիմքեր: Կալանավորելու հիմքեր, իհարկե, չկան, հիմքեր չկան քրեական հետապնդման համար: Դա ակնհայտ ապօրինի հետապնդում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Անդրադառնալով դատարանում ներկայացված հակափաստարկներին՝ Աթանեսյանը նշեց, որ 3 դատական նիստի ընթացքում մոտ 7 ժամ պաշտպանական կողմը հակափաստարկներ է ներկայացրել ՀՔԾ միջնորդության վերաբերյալ:

Նորայր Փանոսյանին առաջադրած մեղադրանքը ևս մեկ դրվագով լրացվելու լուրը հայտնի էր դարձել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, կրկին կալանավորելու միջնորդության քննությունն էլ մակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին: Դրանից հետո մամուլը գրեց, թե դատավոր Գագիկ Պողոսյանը Փանոսյանի դեմ ցուցմունք տված գործարարի մտերիմ ընկերն է:

«Մենք հարցն ուղղել ենք պարոն Պողոսյանին, պարոն Պողոսյանը հայտնել է, որ նա իր ընկերը չէ: Մենք հավատացել ենք պարոն Պողոսյանին և այդ կապակցությամբ ինքնաբացարկի միջնորդություն չենք ներկայացրել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել