Արքայական պալատը Պնոմպենում, Կամբոջա:
Արեւելյան երկրների տիրակալները բոլոր ժամանակներում հայտնի են եղել իրենց փառքով, հզորությամբ եւ հարստությամբ: Նրանց խոնարհվել ու ենթարկվել են, նրանցով հիացել ու աստվածացրել են, նրանցից վախեցել են եւ սարսափել: Ովքե՞ր են նրանք` Արեւելքի ժամանակակից տիրակալները:
Սաուդյան Արաբիայի թագավորը` Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդ: Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 1-ին Էր-Ռիյադում: Սաուդյան Արաբիայի թագավորը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` նրա կարողությունը գնահատվում է մոտ 63,2 մլրդ. դոլլար: Ամերիկյան "Parade" հանդեսը 2008 թվականին հրապարակած աշխարհի ամենադաժան բռնապետների ցանկում Աբդալլային հատկացրել էր 4-րդ տեղը:
Մալայզիայի սուլթանը` Աբդուլ Հալիմ Մուաձամ Շահ: Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 28-ին Մալայզիայի Կեդահ նահանգում: Սովորել է Օքսֆորդի համալսարանում: Մալայզիայի սուլթանն է 1970 թվականից: Սուլթան Աբդուլ Հալիմը շատ հարգված ու սիրված է իր հպատակների կողմից, նա համարվում է իսլամի պահապանն ու ժողովրդի հովանավորը երկրում:
Թաիլանդի թագավորը` Պհումիպոն Ադուլյադետ: Ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում (Մասսաչուսեց նահանգ), հետեւաբար ունի նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Ապագա թագավորը կրթություն է ստացել Լոզանի համալսարանում: Նա բազմակողմանի զարգացած մարդ է` վարժ նվագում է սաքսոֆոն, զբաղվում է լուսանկարչությամբ եւ գեղարվեստով: Թաիլանդի արքայի կարողությունը գնահատվում է մոտ 35 մլրդ. դոլլար:
Ճապոնիայի կայսրը` Ակիհիտո: Ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին Տոկիոյում: Այսօվա դրությամբ համարվում է միակ կայսրն ամբողջ աշխարհում: Մասնագիտությամբ քաղաքագետ է, հետաքրքվում է պատմությամբ եւ արվեստով, սիրում է թենիս խաղալ: Կայսր Ակիհիտոն եւ նրա կինը` կայսրուհի Միտիկոն, վայելում են իրենց հպատակների սերն ու հարգանքը, նրանք համարվում են Ճապոնիայի խորհրդանիշները:
Բրունեյի սուլթանը` Հասսանալ Բոլկիահ: Ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին Բրունեյ-թաունում: Կրթություն ստացել է Մալայզիայում եւ Մեծ Բրիտանիայում: Նախքան գահ բարձրանալը զբաղեցրել է Բրունեյի վարչապետի, ֆինանսների, ապա` պաշտպանության նախարարի պաշտոնը: Բյունեյի սուլթանի կարողությունը կազմում է 20 մլրդ. դոլլար: Սուլթանը ունի թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, բաղկացած 3000-ից 7000 շքեղ մեքենաներից:
Կամբոջայի թագավորը` Նորոդոմ Սիհամոնի: Ծնվել է 1959 թվականի մայիսի 14-ին Պնոմպենում: Սովորել է Պրահայի Երաժտական Ակադեմիայում, զբաղվել է դասական պարերով, տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, չեխերենին եւ ռուսերենին: Նախքան թագավոր դառնալը զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՈ-յում Կամբոջայի դեսպանի պաշտոնը: Գահ է բարձրացել 2004 թվականին:
Հորդանանի թագավորը` Աբդուլլա 2-րդ իբն Հուսեյն: Ծնվել է 1962 թվականի հունվարի 30-ին Ամմանում: Աբդուլլա 2-րդը համարվում է իսլամի հիմնադիր Մուհհամմեդ մարգարեի ժառանգորդը: Սովորել է Սանդհերսթի ռազմական ակադեմիայում եւ Օքսֆորդի համալսարանում: Աբդուլլա 2-րդի կինը` Հորդանանի թագուհի Ռանիան համարվում է Մերձավոր Արեւելքի ամենագեղեցիկ եւ նրբագեղ կանանցից մեկը:
Մարոկկոյի թագավորը` Մուհամմեդ 6-րդ: Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 21-ին Ռաբաթում: Մուհամմեդ 6-րդը եւս համարվում է Մուհամմեդ մարգարեի ժառանգորդներից մեկը: Կրթություն ստացել է նախ հայրենիքում, ապա` Ֆրանսիայում: Իր գահակալման տարիներին հայրենիքում անցկացրել է մի շարք բարեփոխումներ, ընդլայնել է կանանց իրավունքները, Հյուսիսային Աֆրիկայի բնիկ ժողովրդի լեզուն` բերբերերենը հայտարարել է պետական լեզու (արաբերենի հետ միասին) եւ այլն: