Pastinfo.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարության թիրախում Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը հնարավորինս թուլացնելն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանը, ում խոսքով դա ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր Թրամփի որդեգրած ռազմավարությունն է և Ղասեմ Սոլեյմանիին սպանելն էլ հենց այդ նպատակին է ծառայում։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարեց, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Այաթոլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում:

Ամերիկագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահն այս քայլով փորձեց շեղել նաև ներքաղաքական դիսկուրսը։ Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցում դրական եզրակացության եկավ և արդեն այս ամիս Սենատում սպասվում է այդ հարցով դատավարություն։ Ամերիկագետի կարծիքով՝ ըստ էության ԱՄՆ նախագահը փորձում է իր շուրջ համախմբել թե՛ հակառակորդներին, թե՛ հանրությանը և թե՛ իր թիմակիցներին. «Երբ նայում ենք իրանցի պաշտոնյայի սպանության շուրջ դեմոկրատների արձագանքները, տեսնում ենք, որ բոլորը միաձայն փաստում են՝ Ղասեմ Սոլեյմանին հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամին։ Դա ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Դեմոկրատների քննադատությունը հիմնականում վերաբերում է նրան, որ ԱՄՆ նախագահը պետք է նախապես տեղյակ պահեր Կոնգրեսին, որպեսզի քայլը հաշվարկված լիներ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ արտաքին թշնամու դեմ համախմբվելու գործոնն ինչ-որ չափով այս պահին աշխատում է և դիսկուրսն այս փուլում շեղել է»,-նշեց Լիանա Հովհաննիսյանը։

Այն համատեքստում, թե ինչ չշահեց ԱՄՆ-ն Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, դա Իրաքի վարչապետի և խորհրդարանի կողմից արվող հայտարարություններն են՝ ԱՄՆ զորքերը դուրս բերելու վերաբերյալ. «Նման իրավիճակում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում կթուլանան։ Նախորդ տարվա ընթացքում ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտարարում էր, որ ցանկանում է զորքերը դուրս բերել տարածաշրջանից, բայց տեսնում ենք, որ այս փուլում զորքերը դեռ դուրս չեն բերվում։ Օրինակ՝ Սիրիայում հայտարարվեց զորքերը դուրս բերելու մասին, բայց պարզապես թիվը նվազեց՝ 2000-ից դառնալով 800։

Զորքերը տեղեկայվեցին այն շրջաններում, որտեղ նավթեր կան։ Այս փուլում ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրաքից զորքերը դուրս բերելը, որովհետև այդկերպ նա կորցնում է իր լծակները և Իրանին հակազդելու հիմնական գերակայությունը կյանքի կոչելու ազդեցության լծակներից մեկը»,-նշեց ամերիկագետը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի կողմից սպառնալիքներ են հնչել՝ եթե զորքերը դուրս հանի, ապա Իրաքը պետք է ավիաբազայի կառուցման ծախսերը վճարի։ Սա փաստում է՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի զորքերը պահի Իրաքում։

Դիտարկմանը, որ Թրամփը նախազգուշացրել էր՝ կհարվածի իրանական 52 օբյեկտի, այդ թվում՝ մշակութային, մինչդեռ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածներ չի հասցնի Իրանի մշակութային օբյեկտներին, ամերիկագետն արձագանքեց. «Հայտարարությունների ինչ-որ տեղ հակասական լինելը պայմանավորում եմ նրանով, որ ամերիկյան կողմը տարբեր թևերի միջոցով փորձում է հավասարակշռություն պահել։ Այսինքն` մի կողմից ավելի ուժգին, մյուս կողմից ավելի թեթև հայտարարություններ անելով՝ փորձում է բալանսի բերել, պահել իր դեմքը և միևնույն ժամանակ առճակատման չգնալ։ Եթե Իրանի կողմից պատասխան քայլ լինի, ամերիկյան կողմը կփորձի հարվածել Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերին, այսինքն` հեռահար պատերազմը կակտիվանա»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով ցանկացած սցենարի դեպքում Հայաստանը պետք է ունենա հստակ մշակված քայլեր։ ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններից ամենաակնառու վտանգը մեզ համար դա Մերձավոր Արևելքում հայկական համայնքներին սպառնացող վտանգն է. «Այս դեպքում կարծում եմ՝ կանխարգելող քայլեր պետք է արվեն՝ ապահովելու նաև անվտանգությունը։ Դա կարող է լինել հայ դիվանագետների միջոցով Մերձավոր Արևելքի տարբեր երկրների իշխանությունների հետ բանակցելու եղանակով»,-նշեց Լիանա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը բնական է՝ խաղաղության կոչ անել, քանի որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը չի բխում մեր պետության շահերից։

Հարցին՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է միջնորդի դեր կատարել և նաև երկու կողմերի համար բանակցային հարթակ դառնալ, ամերիկագետն ասաց՝ այս փուլում տարբեր պետություններ են փորձելու միջնորդի դեր խաղալ. «Եթե կողմերը երկխոսելու պատրաստակամություն հայտնեն, հնարավոր է, որ Հայաստանն, օրինակ` հանդիպումների համար հարթակ ծառայի։ Բայց դա կարող է լինել միայն կողմերի պատրաստակամության դեպքում»,-ընդգծեց Լիանա Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել