Hraparak.am-ը գրում է.

Տեղեկություն ունեինք, որ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն օրերս նշանակվելու է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, քանի որ կառավարությունում դժգոհ են Վահագն Վերմիշյանի աշխատանքից։ Ավելին՝ նրան մեղադրում են ինչ-ինչ չարաշահումների մեջ։

Ըստ մեր տեղեկությունների` Վիկտոր Մնացականյանն օրերս եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ և, ըստ էության, նշանակման վերաբերյալ հավանությունն արդեն կա։ «Հրապարակի» հետ զրույցում Վիկտոր Մնացականյանն ասաց, որ որևէ պաշտոնում չի նշանակվել, կառավարությունից պաշտոնական առաջարկներ չի ստացել։ «Եվ  մարդիկ իրենց տեղում աշխատում են։ Բայց որոշակի քննարկումներ ․․ հիմա չէ, վաղուց, ․․․խոսքը վերաբերում է կադաստր․․ այլ բաներ․․․  քննարկումներ եղել են,բայց ես մի քիչ այլ մոտեցում ունեմ կառավարման հետ կապված, հիմա քննարկում եմ, մտածում եմ, մինչև այդ ամենը իմ ուղեղում մինչև վերջ պատրաստ չլինի, մի քիչ դժվար է, էլի»,-«Հրապարակի»   հետ զրույցում ասաց Վիկտոր Մնացականյանը՝ հերքելով, որ իրեն առաջարկվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։  

Բայց նա, ըստ էության, չի հերքում, որ  ինչ-ինչ  այլ առաջարկներ քննարկում է։ Հարցին, թե առաջարկները ումի՞ց են եղել՝ Նիկոլ Փաշինյանի՞ց, Տիգրան Ավինյանի՞ց կամ որևէ այլ մեկի՞ց, Մնացականյանը չպատասխանեց․ չի կարող ասել, կոռեկտ չէ։

Կենտրոնի նախկին թաղապետը հրաժարական տալուց հետո զբաղված է ուրբանիստիկա ուսումնասիրելով, ինչը համարում է մեր երկրի համար հիմա ամենակարևոր ուղղություններից մեկը։  Մնացականյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իր համար շատ սկզբունքային է, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները, հատկապես թաղապետարանները շատ ավելի ուժեղ մարմիններ դառնան։

Կենտրոնի նախկին թաղապետը ուրիբանիստիկա ուսումնասիրում է ոչ միայն մասնագիտական գրականություն կարդալով, այս ընթացքում վերապատրաստվել է ԱՄՆ-ում, հանդիպել այնտեղի լավագույն մասնագետների ու համալսարանականների հետ։ Ավելին` պատրաստվում է Երևանում ուրբանիստիկայի  կենտրոն հիմնել։

«Որպեսզի այստեղ մեր քաղաքաշինարարները, ճարտարապետները, սոցիոլոգները սկսեն ուսումնասիրել այս ոլորտը, որովհետև Երևանը, առհասարակ, Հայաստանը այս լորտում ճիշտ ուղով գնալու ֆանտաստիկ շանսեր ունի։ Սա, իհարկե, ենթադրում է ծանր  ու որոշ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներ, բայց սրանից հետո շահելու է ամբողջ երկիրը։ Մենք սա հիմա պետք է կարողանանք անել, որովհետև հետո սա դժվար կլինի»,-մանրամասնում  է Վիկտոր Մնացականյանը։

Նա չթաքցրեց, որ գիտահետազոտական կենտրոնը բացելու է իր միջոցներով և որ այս պահին արդեն իսկ ունի փոքրիկ թիմ՝ դրսում աշխատած երիտասարդ ու նաև փորձառու մասնագետներից։ Մնացականյանի խոսքով՝ Կենտրոնի աշխատանքներում շատ մեծ տեղ է հատկացվելու Երևանի ինքնության պահպանմանը։«Օրինակ՝ հիմա ուզում ենք Կոնդը զարգացնել․․․ հիմա ավելի շատ ոչ թե նեդրումային բաղադրիչով պետք է ընթանա, այլ ավելի շատ որպես urban develeloping-ի՝ ուրբանիստական-քաղաքաշինական զարգացման, որովհետև մենք ունենք Կոնդում 20 հա հող, թաղամաս, որը ամենավատ վիճակում է և որի մեջ  պետությունը տասնյակ տարիներով չի ուզեցել թաթախվել, բայց գրագետ աշխատող ինստիտուտների ու դրսից մանսագետների դեպքում շատ կարևոր է, որ մի սիրուն բան կառուցենք, ոչ 20 հարկանի շենքեր, այլ որ Երևանի ինքնությունը պահպանվի։ Նույնը՝ ուզում ենք անել Հայաստանի բոլոր քաղաքներում․․․ մի խոսքով՝ այդ ծրագրերի մեջ եմ »։ Կենտրոնի նախկին թաղապետն առհասարակ, կողմ է, որ Երևանի կենտրոնում առավելագույնը, 12 հարկից ավելի բարձր հարկայնություն ունեցող շենքեր չկառուցվեն։ Իսկ ավելի  «գլոբալ» կողմ է մորատորիումին, որ առ ժամանակ քաղաքի կենտրոնում տրվեն միայն 5-6 հարկանի շենքերի թույլատվություններ, քանի որ Կենտրոնի նախկին թաղապետն ասում է․«Որևէ հրշեջ ծառայության հարցրեք՝ Ձեր մեքենայի ամենաբարձր աստիճանասանդուղքը որքա՞ն է․․․30 մետրից ավել չունեն, եթե հրդեհ լինի 12 հարկից բարձր․․․ո՞նց են հանգցնելու, ոչ ոք դրա մասին չի մտածում․․․այլ վայրերում հնարավոր է, բայց նեղ փողոցներում, երբ մեքենան չի կարողանում նորմալ մտնել, իսկ հրդեհի ժամանակ ամեն րոպեն հաշված է»։

Ուրբանիստիկայի կենտրոնը, Վիկտոր Մնացականյանի կանխատեսումներով՝ արդեն փետրվարի մեջ կսկսի գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել