Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և մեղադրել ներքին թշնամիներին հայ-իրանական հաբարերությունները փչացնելու մեջ։

Հունվարի 3-ին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ, հղում տալով ինչ-որ լրագրող Դիանա Հարությունյանի, տեղեկություններ տարածեցին, իբրև թե Հայաստանի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու համար։ Այդ տեղեկությունը տարածվում է նաև որոշ իրանական ԶԼՄ-ներում, սակայն, ըստ լավատեղյակ մասնագետների, շատ արագ բացահայտվում է դրա կեղծ լինելը և որևէ ազդեցություն չի ունենում իրանական հասարակական կարծիքի վրա։
Հունվարի 4-ի երեկոյան այս թեմային այլ տեսանկյունից է անդրադառնում Հայաստանի վարչապետը և առանց որևէ ապացույցի ընդունում է ադրբեջանցիների տեսակետնը, որ այդ կեղծ լրագրող Դիանա Հարությունյանը հայկական ծագում ունի, և ըստ Փաշինյանի՝ դրա հայտնվելու պատճառը խոսքի կեղծ ազատությունն է, որը սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար։

Այսպիսի ամպագոռգոռ հայտարարություն անելու համար նախ՝ պարոն Փաշինյանը պետք է ստույգ ապացույցներ ունենար, որ այդ լրագրող կոչեցյալի կեղծ էջը, որի վրա հղում են անում ալիևյան կայքերը, իրոք ստեղծվել է Հայաստանում։ Հետաքրքիր է, ինչի՞ց ելնելով է Հայաստանի վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում։ Իսկ քանի որ գրառման վերջին մասում պարոն Փաշինյանը բացահայտում է, որ լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն, ապացուցում է, որ պարոն վարչապետը կրկին դիմել է կեղծիքի և դեմագոգիայի կամ իրականում անտեղյակ է իրականությունից, որին ես չեմ հավատում։

Այո՛, այլ կերպ չեմ կարող բնութագրել Հայաստանի վարչապետի հասարակությունը կրկին պառակտող գրառումը, երբ վերջինս այդ կեղծ լրագրող-հեղինակի հետևում փորձում է տեսնել հայկական հետքեր։

Ստացվում է, որ պարոն Փաշինյանը բացառում է ամենահավանական տարբերակը, որը բազմիցս օգտագործել են ադրբեջանցիները մեր անունից ապատեղեկատվություն տարածելու համար. հենց ադրբեջանցիներն են բացում հայերի անուն-ազգանունով այդ կեղծ էջերը և ապատեղեկատվություն տարածում մեր անունից։ Սա շատ վաղուց կիրառվող քարոզչական հնարք է։ Ավելին՝ ի գիտություն ՀՀ վարչապետի՝ հարյուրավոր կեղծ լուրեր պաշտոնական Բաքուն տարածում է մեր անունից՝ հղում տալով Բաքվի կողմից ստեղծված հայալեզու լրատվական կայքերին ևս։
Այս ամենից կարող եմ գալ այն եզրակացության, որ Փաշինյանը հակահայկական քարոզի համար շատ դեպքերում առանց ապացույցների կարող է արդարացնել ապշերոնյան «կիրթ» բռնապետին, բայց մեղադրել իրեն քննադատողներին, որոնցից շատերին նա թշնամանքով է վերաբերվում և այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև իր իշխանությանը քննդատողների բերանները փակելու նպատակով։

Փաշինյանի այս գրառումը հիմնազուրկ է, քանի դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ ծագումնաբանությունը և չի ներկայացրել նրան հասարակությանը։

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուսանկարից պարզվում է, որ վերը նշված «հայ լրագրողուհին» իր գրառումն արել է միայն ռուսերենով։

Հ.Գ. Եթե պարոն Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետում հայկակական հետքեր է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա, որոնցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով, իսկ իշխանության գալուց հետո հակաիրանական բարբաջանքներով հանդես էին գալիս ԱԺ ամբիոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել