Հայաստանի հարեւանությամբ իրադարձություններն արագ տեմպերով զարգանում են:
Հետաքրքիր է իմանալ, թե այդ զարգացումների կապակցությամբ ինչպես են դիրքորոշվել Հայաստանի երեք հարեւան երկրները:

Սկսենք Հայաստանի թշնամի երկրներից, որոնց հետ Հայաստանը հակամարտության մեջ է եւ ունի փակ սահմաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ երեկոյան ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում զորավար Ղասեմ Սոլեյմանիի կորուստի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին, կառավարությանն ու ժողովրդին:
Անդրադառնալով տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման անհրաժեշտության Էրդողանն ընդգծել է. «Արտաքին միջամտություններն ու տարածաշրջանային բախումները խանգարելու են տարածաշրջանում անդորրի ու կայունության հաստատումը»:

Թուրքիայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել առ այն, որ պատմության մեջ արմատ ունեցող Իրանի մշակութային ու պետական կառույցը խոհեմությամբ թիկունքում կթողնի նաեւ այս ժամանակահատվածը:
Մեր գլխավոր հակառակորդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները եւ ցավակցություն է հայտնել Իրանի իշխանություններին ու ժողովրդին:
«Ադրբեջանական կողմը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից եւ հավատարիմ մնալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,-նշել է ԱԳ նախարարը:
Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանը հանդես է եկել գրեթե 180 աստիճանով տարբեր դիրքորոշմամբ, միանշանակ պաշտպանելով ԱՄՆ-ի միջոցով իրականացված գործողությունը եւ կողմնակիորեն դատապարտել է Իրանին:

«Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիվանագիտության եւ լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի զորայիններն Իրաքում հարվածեցին Իրանի աջակցությունը վայելող որոշ զինյալ խմբավորումների հրամանատարական կենտրոնները, որից հետո հիշյալ խմբերի աջակիցները ներխուժեցին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքը:

Վերջին իրադարձությունների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաեւ մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»:

Միեւնույն ժամանակ, թեեւ ՀՀ վարչապետը հերքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված այն կեղծ տեղեկատվությունը, որ իբր Իրանի դեմ գործողության կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահին, այդուհանդերձ հակառակ Թուրքիային ու Ադրբեջանին Հայաստանի որեւէ պաշտոնատար պաշտոնական հայտարարությամբ կամ հեռախոսազրույց ունենալով իր վշտակցությունը չի հայտնել հարեւան երկրի իշխանություններին ու ժողովրդին:

Ի դեպ, Իրանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ վարչապետի բացատրության միայն հայերեն հղումն, առանց պարսկերեն թարգմանության՝ մոռանալով, որ ադրբեջանական քարոզչության հասցեատերն Իրանի հասարակությունն է, որի պաշտոնական լեզուն պարսկերենն է:

Հայաստանի իշխանությունների այդ հապաղումը կոծկելու պարտականությունն իրենց ուսերի վրա են վերցրել տարածաշրջանում հայկական երկրորդ պետականության իշխանությունները: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն առանձին հայտարարություններով իրենց վշտակցությունն են հայտնել հարեւան երկրի ժողովրդին ու կառավարությանը:

Փաստորեն, մեր հարեւաններից երկուսը, որոնց հետ մենք փակ սահմաններ ունենք, իսկ մեկի հետ չլուծված հակամարտության մեջ ենք, ԱՄՆ-ի հետ ռազմական, քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերություններ ունենալով հանդերձ պաշտոնապես իրենց վշտակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին, իսկ հյուսիսային հարեւանը, որի հետ Հայաստանը բաց սահմաններ ունի եւ որ համարվում է Հայաստանին իր գլխավոր դաշնակից Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը հանդես է եկել լիովին պռոամերիկյան դիրքորոշմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը ֆեյսբուքում կատարած գրառման մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»:

Եթե վարչապետի մատնանշած ինստիտուտները ՀՀ ԱԳ նախարարությունն է, որին ենթակա դեսպանությունը պարսկախոս լսարանի համար հայերեն հղում է տեղադրում և կամ ստյոպա սաֆարյանների ու դանիել իոաննիսյանների նման անձանց գլխավորած վերլուծական կենտրոններն են, տարածաշրջանում իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մտածելու շատ բան ենք ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել