Shantnews.am-ը գրում է․
Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ղեկավարները հաղորդել են, որ անընդհատ ի հայտ են գալիս անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր:
Գերատեսչությունը հաստատել է տեղական ԶԼՄ-ներին, որ բժիշկները պարզում են՝ որ տեսակին է պատկանում այդ հիվանդությունը: Իսկ հիվանդների բուժումն իրականացվում է մեկուսացված պայմաններում:
Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերին Ուհանում գրանցվել է 27 վիրուսի դեպք, 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 2 հոգի էլ կազդուրվում են և շուտով դուրս կգրվեն: Պետական կոմիտեից Ուհան են ժամանել մասնագետներ՝ Չինաստանի առողջապահության հարցերով:
ՉԺՀ-ում նախկինում մի քանի անգամ եղել են ատիպիկ թոքաբորբի բռնկման դեպքեր: Ըստ ԱՀԿ-ի՝ 2002-2003 թվականներին համաճարակի ժամանակ մայրցամաքային Չինաստանում հիվանդությունից մահացել է մոտ 350 մարդ, իսկ դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է հինգ հազարը:
Ընդհանուր առմամբ, հիվանդության մոտ 8,5 հազար դեպք է գրանցվել աշխարհի 30 երկրում, մահացել է ավելի քան 900 մարդ: