Pastinfo.am-ը գրում է․

Օրեր առաջ լուր ստացանք, թե՝ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքը փլուզվել է: Շենքը փլվել էր մարդկանց գերծանրաբեռնվածությունից։ Այս մասին տեղեկատվություն տվող ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսքի տողատակերում մի տեսակ փորձում էր  արդարացումներ գտնել, թե՝ «Շատ մարդ է հավաքվել՝ ծնողներ, երեխաներ։ Դրսում ցուրտ է եղել և մարդկանց հրավիրել են ներս, կուտակումներ են եղել, իսկ շինությունը հին շենք է և փլուզվել է»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ՊՆ  շենք-շինությունների մի մասը վթարային վիճակում է։ «ՊՆ հնարավորություններն այդքան են, եթե հնարավորություն լիներ, այդ շենքը պետք է հիմնովին վերակառուցել։ նման շենքեր շատ կան, որոնք պետք է հիմնովին վերակառուցել»:

Փլուզվել էր 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Եվ  11 հոգի տուժել էին: Ի՞նչ է ստացվում՝ պետությունը գերգաղտնի պայմաններում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար փող ունի, նրանց երբևէ չլսված-չտեսնված պարգևավճարներ տալու փող ունի, իսկ պաշտպանության ոլորտին հատկացվելիք փող չունի՞ բյուջեում:

Կամ՝ երկրի վարչապետն իրեն, իր ընտանիքի անդամներին  սպասարկող թանկարժեք մեքենաներ է գնում, արդեն իսկ նորոգ  առանձնատունը վերանորոգում՝ երկու միլիոն դոլարի շրջանակում , 5 տասնյակից ավելի մլն դոլարով նոր ինքնաթիռ գնում  բյուջեի հաշվին, փողի պակաս չկա, բայց ա՛յ, փլվող զինկոմիսարիատների համար գումար չկա ու չիք:  Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ հետ չի մնում՝ անցնող տարվա ընթացքում   բազմակի անգամ պարգևավճարներ է բաժանում: Նրանցից հետ չեն մնում նաև մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը: Օրերս հայտնի դարձավ, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում, Շիրակում էլ 187 մլն դրամի պարգեւավճար է տրվել:

Բայց տեսեք, որ պայմանագրային զինծառայողներին նույնիսկ 5 հազար դրամ պարգևավճար չի նախատեսում Ամանորի առթիվ, մինչդեռ նախկինում, պարզվում է՝ 40-60 հազար դրամի կարգի պարգևավճարներ նրանք ստացել են:

Ընդհանրապես, պարգևավճարների բաժանումը պետական համակարգում դարձել է սովորական երևույթ, մինչդեռ հանրության  զգալի մասը  շարունակում է գոյատևել չնչին աշխատավարձերով ու թոշակներով։

Հավելենք, որ  իշխանությունն արդեն պարգևավճարների թեման անձեռնմխելի դարձնելու մասին մտածելով արդեն նոր որոշում է մտմտում՝ եկող տարվանից այն փակ ինֆորմացիա դարձնելու մտայնությամբ: Հասկանում եք՝ այլևս պետական գաղտնիքին համազոր  է դառնալու ասենք, կոկորդիլոսների գիտակ  Արարատի մարզպետի ստացած պարգևավճարը: Եվ այս տրամաբանությամբ՝ մինչև օրենսդիր և գործադիր վերին ղեկավարներ:

Հաշվետվողականության փոխարեն՝ «ինկոգնիտո ռեժիմ» և գաղտնի որոշումներ

Իշխանափոխության  արշալույսին Հայաստանի  երջանիկ քաղաքացի կերտելու խոստումներ տվող, իսկ վարչապետ դառնալով՝ ժողովրդին իր կառավարության 100 տոկոսանոց հաշվետվողականությունը խոստացող Նիկոլ  Փաշինյանը թե  այսօր որքանով է հաշվետու հանրությանը՝վկայում  են այն բոլոր գաղտնի ու ծածուկ որոշումները, որոնք վարչապետի առաջնորդությամբ իրականացնում է ներկա կառավարությունը:

2020 թվականի՝ ըստ Փաշինյանի տրամադրության՝ մի օր հեղափոխական, մյուս օրն իներցիոն անվանվող   բյուջեով կառավարության  նախատեսած ՝13.000 դրամով նվազագույն աշխատավարձի /այն 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ/ և 10 տոկոսով կենսաթոշակների բարձրացումն ուղղակի ողորմության նման մի բան է՝ կառավարության կողմից: Օ՜, ինչպիսի գթասրտություն: Բայց այս խղճուկ հավելումների և շարունակ սուղ հնարավորությունների մասին խոսելու համատեքստում ներկա իշխանությունը պատրաստ է մեկ միլիոն դրամից ավելի պետական աշխատավարձ ստացող  ՍԴ նախագահին և ՍԴ դատավորներին ուղարկել վաղաժամ թոշակի և նրանց ցկյանս տարիներ շարունակ նույն գումարը որպես թոշակ  վճարել… չաշխատելու համար, ընդ որում, նաև նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների հարկերի՛ հաշվին:

Իշխանությունը շատ լավ հասկանում և տարբերակում է, թե ե՞րբ իր քայլերն «ինկոգնիտո» դարձնի և ե՞րբ հանրության տրամադրությունների վրա  ազդի բաց և թափանցիկ ռեժիմով:  Հենց միայն կառավարության նիստերին ներկայացվող «գաղտնի» և « չզեկուցվող» հարցերն արդեն շատ բան են ասում:

Տեսեք, պետական համակարգում իրենք իրենց շռայլ պարգևատրելը դարձել է սովորական երևույթ։ Եվ եթե անցյալ տարի առաջին անգամ տրված պարգևավճարների առիթով իշխանության տարբեր օղակներում  արդարացումներ էին փնտրում, հիմա, զբաղվածության և սոցիալական հիմնահարցերի մեջ խրված երկրի օրենսդիր ու  գործադիր իշխանությունը   ոչ միայն հպարտ ու բարձրաձայն է խոսում այդ մասին, այլև արդարացնում է սեփական քաղաքաքականությունը, թե՝ նախկինները կաշառակեր-կոռուպցիոներներ էին, իսկ մենք աշխատավարձով ենք ապրում:
Ներողություն, բայց արդեն իսկ դուք ինքներդ եք ձեր  շարքերից կոռուպցիոն գործարքների մեջ խրված պաշտոնյաների հայտնաբերել,  քրեական գործեր հարուցել և կալանավորել: Ժողովրդական խոսք է՝ բռնված չէ, գող չէ: Հիմա՝ նմանօրինակ քանի՜-քանի՜սը կլինեն, դեռ հայտնի չէ:  Էլ չասած՝ մեկ աղբյուրից, առանց մրցույթի իրականացվող բազմաթիվ գործարքների մասին, որ լեցուն են պետհամակարգում, քաղաքապետարաններում ու մարզպետարաններում:

Իսկ  աշխատավարձով ապրող պաշտոնյաներ, նախկինների մեջ շատ կային, որոնք հաստատ ավելի արդյունավետ ու պրոֆեսիոնալ էին և առանց նման աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերի և պարգևատրումների էին աշխատում:  Ավելին,  ղեկավար աշխատողների մեջ պաշտոնյաներ կային,  որոնք մշտապես հրաժարվում էին իրենց տրվող պարգևավճարներից՝ դրանք փոխանցելով կարիքավորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել