Forbes հանդեսը կազմել է տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը, որը գլխավորել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը։

Հրատարակության տվյալների համաձայն, Մեյուեզերը տասը տարվա ընթացքում վաստակել է 915 մլն դոլար: Ընդ որում՝ 2015 թվականին ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի եւ իռլանդացի Քոննոր Մաքգրեգորի (2017 թ.) դեմ երկու մարտերի համար նա վաստակել է ավելի քան 500 մլն դոլար:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել է իտալական «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տասը տարվա ընթացքում վաստակել է 800 մլն դոլար: Երրորդը դարձել է իսպանական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 750 մլն դոլար:

Վերջին տասնամյակում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակում տեղ են գտել նաեւ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (680 մլն դոլար), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (640 մլն դոլար), գոլֆիստներ Թայգեր Վուդսը (615 մլն դոլար) եւ Ֆիլ Միքելսոնը (480 մլն դոլար), բռնցքամարտիկ Պակյաոն (435 մլն դոլար), բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (425 մլն դոլար), ինչպես նաեւ մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը (400 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել