Pastinfo.am-ը գրում է․

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը` իր մատչելի վարկերով։ Բայց ֆինանսական համակարգը այդպես էլ մոտ չեկավ տնտեսությանը։ Ճիշտ է, վարկերը ավելացան, բայց ոչ տնտեսության իրական հատվածի հաշվին։

Տնտեսության իրական հատվածում վարկային ներդրումները նույնիսկ նվազեցին։ Ու դեռ հարց է, վարկային շուկայի ակտիվացումը լավ էր, թե վատ։

Բանկերը այդպես էլ հետաքրքրություն չցուցաբերեցին տնտեսության նկատմամբ։ Պատահական չէ, որ արդյունաբերության մեջ այսօր բանկերի վարկային պորտֆելը ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ էր։

Հրապարակված վերջին տվյալներով, դրանք կազմում են 487 մլրդ դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային կապիտալը տնտեսության այս առանցքային հատվածում կրճատվել է ավելի քան 36 մլրդ դրամով կամ շուրջ 75 մլն դոլար։ Այնպես չէ, որ տնտեսությունն այդ փողի կարիքը չի ունեցել։ Հատկապես, երբ առանց այդ էլ չկան ներդրումներ։

Բանկային կապիտալի հետաքրքրություններ մեծ չէին նաև գյուղատնտեսության նկատմամբ։ Այն պարագայում, երբ կառավարությունը հայտարարել է մի շարք գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում վարկային բեռի մի մասը ստանձնելու մասին։ Անգամ այդ պայմաններում մեկ տարվա ընթացքում բանկերի գյուղվարկերի պորտֆելը ավելացել է ընդամենը 3,8 մլրդ դրամի չափով։

Մինչ տնտեսության իրական հատվածը դուրս մնաց բանկերի հետաքրքրություններից` հիմնական «ծանրությունը» տեղափոխվեց երկու ոլորտներ` սպառողական և հիփոթեքի շուկաներ, որտեղ երբեմն ոչնչով չպատճառաբանված վարկավորումը սպառնում է խնդիրներ ստեղծել բանկային համակարգի համար։ Եվ հիմա Կենտրոնական բանկը փորձում է քայլեր ձեռնարկել` բանկերին ցնցումներից զերծ պահելու համար։

Երկու դեպքում էլ այս տարի շուկան «տաքացավ»։ Դա տեղի ունեցավ մի կողմից ակտիվ վարկավորման, մյուս կողմից` հասարակության եկամուտների ոչ համաչափ աճի հետևանքով։ Բանկերի վարկային միջոցների շուրջ 80 տոկոսը տեղաբաշխվեց այս երկու ոլորտներում։ Խոսքը ավելի քան 321 մլրդ դրամի կամ 670 մլն դոլարի մասին է։

Միայն սպառողական վարկերը ավելացան 470 մլն դոլարով։ Սա հսկայական բեռ է այս շուկայի մասնակիցների համար։ Առավել ևս, որ այն մինչ այդ էլ փոքր չէր, այս տարի ավելացել է 35 տոկոսով։ Միայն այս հատվածում կենտրոնացած է ավելի քան 1,8 մլրդ դոլարի վարկային բեռ, որից 470 մլն դոլարը ավելացել է վերջին մեկ տարվա ընթացքում։

Սրանք անհամեմատ թանկ գումարներ են, որոնք ուղղվում են հիմնականում կենցաղային խնդիրների լուծմանը։ Այսինքն` այն ծանրացած է տնային տնտեսությունների վրա և գրեթե դուրս է բիզնես նպատակներից։ Դրանց վերադարձը կապված է առաջին հերթին մարդկանց եկամուտների ավելացման հետ։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս խնդիրները. սպառողական վարկերի բեռը ավելի արագ է աճում, քան սպառողների եկամուտները։

Վերջին երկու տարիների ակտիվ վարկավորման և եկամուտների անհամաչափ աճի հետևանքով, վարկային բեռը ծանրացել է նաև հիփոթեկի շուկայի մասնակիցների շրջանում։ Դա լուրջ սպառնալիք է ոչ միայն բանկային համակարգի, այլև անշարժ գույքի շուկայի համար։ Ու եթե ժամանակին քայլեր չձեռնարկվեն սպառողական և հիփոթեկային վարկերի բեռի հետագա ավելացման սահմանափակման ուղղությամբ, ապա խնդիրներից անհնարին կլինի խուսափել։

Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանի ֆինանսական շուկայում, վկայում է, որ բանկային համակարգը ոչ միայն չի դարձել տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը, այլև տուրք տալով քաղաքական իշխանության չպատճառաբանված ցանկություններին, նոր ռիսկեր է ձևավորել համակարգի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել