Armdaily.am-ը գրում է․

ArmDaily.am-ը ՀՀ մարզպետների հետ ամփոփում է 2019 թվականը՝ հասկանալու համար, թե այս մեկ տարվա ընթացքում մարզերում ի՞նչ փոփոխություններ են եղել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել և ի՞նչ ակնկալիքներ ունենան մարզերի բնակիչները 2020-ից: 

Այս թեմաների շուրջ զրուցել ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, ինչպիսի՞ն էր 2019թ.-ը Լոռու մարզի համար:

Անցնող տարին մեր մարզի համար դրական փոփոխությունների և առաջընթացի տարի էր. մենք կատարել ենք մեր քայլը հանուն մեր մարզի զարգացման:

-Մարզում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, առանձնացրեք մարզի համար կարևորները, և ի՞նչ անավարտ ծրագրեր են եղել, որոնք կշարունակեք 2020թ.-ին: 

Կարևորագույններից ուզում եմ անդրադառնալ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին. 2019թ. մարզի 26 համայնքում իրականացվել է 56 ծրագիր՝ 9 տարբեր ուղղություններով՝ շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր ներդրմամբ, մինչդեռ 2018թ.-ին՝ 14 համայնքում իրականացվել էր ընդամենը 20 ծրագիր՝ 506.5 մլն դրամ արժեքով:

Մարզում այս տարի պետական միջոցներով և միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կառուցվել է 102.05 կմ ճանապարհ՝ 13.16 մլրդ դրամ ներդրմամբ(2018թ.-ին՝ 8.51 մլրդ):
Կրթության, առողջապահության ոլորտներում ևս բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել, սակայն դրանցից ուզում եմ հատկապես առանձնացնել ստվերային դրամաշրջանառության, անօրինությունների դեմ անողոք պայքարը, ինչի արդյունքում այս երկու կարևորագույն ոլորտում, վստահեցնում եմ ձեզ, այն գրեթե բացառված է: Թափուր աշխատատեղերի մրցույթներն անցկացվում են բաց և թափանցիկ, ու այս մասին է վկայում մրցույթներին մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշը, այդ թվում նաև՝ ղեկավար պաշտոնների համար:

Գյուղատնտեսական ոլորտին ադրադառնալով՝ ուզում եմ հատկապես մատնանշել շուրջ մեկ տասնյակ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Մեր կողմից բացատրական և ծրագրերի ներկայացման հետևողական աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում, մի շարք ծրագրերից օգտվելու համար դիմելիության առումով մարզը առաջատարների թվում է: Մեր հետևողական աշխատանքների արդյունքում 2019թ.-ին մշակովի հողատարածքներն աճել են ավելի քան 1000 հա-ով:
Այսուհանդերձ, կարևոր ծրագրերի թվում ուզում եմ առանձնացնել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը», որին տարիների դադարից հետո նոր թափ է հաղորդվել:

Պետբյուջեից այդ նպատակով 2018թ.-ին հատկացվել էր 458 մլն դրամ: Շինաշխատանքները մեկնարկել են այս տարի: Լոռու մարզպետարանն այդ գումարի շրջանակներում «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնին» պատվիրակել էր բարձր պատրասատականություն ունեցող 44 կիսակառույց տների շինարարության գործընթացը: Շինարարությունն արդեն իսկ ավարտված է, տները կառուցված են ամենաբարձր որակով: Վերը նշված գումարից ավելի քան 148 մլն դրամ տնտեսում ենք ունեցել, ինչը թույլ կտա մեզ առնվազն ևս 7 կիսակառույց բնակարան ավարտին հասցնել:
2019թ.-ին պետբյուջեից հատկացվել է 452 մլն դրամ ծրագրի շարունակական ընթացքի համար: Այս միջոցների շրջանակներում աշխատանքները ևս սկսված են. նախատեսվում է ավարտին հասցնել 24 կիսակառույցի շինարարություն, 1 սենյականոցի շահառու հանդիսացող 7 ընտանիքի և 2 սենյականոցի հավակնող 1 շահառուի տրվել է գումարային փոխհատուցում: Եվս 31 բարձր պատրասատականություն ունեցող տների շինարարություն է նախատեսվում ավարտին հասցնել այս միջոցների շրջանակներում, որոնք իրականացված են եղել շինարարական թերություններով: Օրեր առաջ ուրախալի լուր ստացանք. ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 674,782.0 հազ. դրամ է հատկացվել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
Նշվածս բոլոր ծրագրերի առումով արդեն հաջորդ տարի առնվազն կրկնակի անգամ ավելի շատ ներդրումներ, հետևաբար նաև աշխատանքներ են կատարվելու:

-Քաղաքացիների ընդունելության օրերին ո՞ր խնդիրն է, որն ամենից շատ է հնչում: Քաղաքացիների խնդիրներից որո՞նք են լուծվել:

Խնդիրները հիմնականում սոցիալական բնույթի են՝ ֆինանսական աջակցության, առողջապահական, հողային վեճերի, բնակարանային, քիչ չեն նաև նախկինում տարբեր ոլորտներում կատարված անօրինական գործողությունների դեմ բողոքները: Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր հարցերը մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում և դրանց լուծում է տրվում բացառապես օրենքի շրջանակներում:

-Ո՞րն էր մարզպետարանի համար տարվա բացթողումը:

Մենք իրականացնում ենք մեր ամենօրյա աշխատանքը մեզ տրված լիազորությունների շրջանակներում: Եթե կա աշխատանք, լինում են նաև որոշակի վրիպումներ, մի գուցե չենք հասցնում անել այնքան, որքան կցանկանայինք: Բայց դրանք, որպես բացթողումներ, կարծում եմ, ճիշտ չի լինի որակել:

-Կառանձնացնե՞ք մարզպետարանի կամ Ձեր մասնակցությամբ տարվա սկանդալը:

Սկանդալների սիրահար չեմ: Մենք, յուրաքանչյուրս մեր տեղում, փորձում ենք անել մեր աշխատանքն՝ առավելագույնս տրվելով մեր գործին: Սա է իմ պահանջն առաջին հերթին ինձնից, ապա նաև՝ աշխատակազմից:

-2019թ.-ի ամենամեծ սուտը, որը գրվել կամ հնչել է Ձեր մասին:

Ասում են, որ գնել եմ Վանաձորի թիվ 1 համաբուժարանը և պատրաստվում եմ հյուրանոց կառուցել: Մարդկանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում:

-Որո՞նք են հաջորդ տարվա անելիքները, ի՞նչ սպասեն Լոռու մարզի բնակիչները 2020թ.-ից:

Ինչպես արդեն նշեցի, բոլոր վերը թվարկված ծրագրերը շարունակականություն են ունենալու, 2020թ. դրանց ծավալներն առնվազն կրկնապատկվելու են, ակնկալում ենք նաև լուրջ ներդրումային ծրագրեր:
Քայլառքայլ հասնելու ենք զարգացած տնտեսությամբ, օրինապաշտ ու օրինապահ մարզ ունենալու մեր երազանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել