Երբ պետական պաշտոնյաների պարգևավճարները հասնում են միլիոնների, պայմանագրային զինծառայողներինը իջեցվում է նվազագույնի:

Մասնավորապես, Իջևանի զորամասում պայմանագրային զինծառայողներին որպես պարգևավճար տրված գումարներն այս տարի տատանվում են 3200-ից 10 հազար դրամի, իսկ որոշ տեղերում էլ 20-30 հազար դրամի սահմաններում:

Հետաքրքրականն այն է, որ ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Ինչպես հայտնում են հենց իրենք՝ զինծառայողները , նախորդ տարիներին պարգևավճար տրամադրվել է տարեկան 3 անգամ, սակայն 2019թ.-ին այդ պարբերականությունը կրճատվել է և, ըստ էության, մնացել է միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը՝ այն էլ բավականին իջեցված:

Զինծառայողների ահազանգերին ի պատասխան ուշագրավ է Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, որի համաձայն «զինծառայողները պարգևատրվել են աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, մասնավորապես նշված պարգևատրումները իրականացվել են լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր սեփական երկրի անվտանգությունը պահողների նկատմամբ: Այն էլ այն դեպքում, երբ ԱԺ պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի պարգևավճարները տարեկան կտրվածքով հասնում են միլիոնների։

Մասնավորապես,
ԱԺ պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին 10 ամսվա ընթացքում պարգևատրել են 14 անգամ (ընդհանուր գումարը՝ 1,9 միլիոն դոլար),
միայն դեկտեմբեր ամսին կրկին պատգամավորները, ինչպես նաև աշխատակազմի մի շարք աշխատակիցներ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ 3 անգամ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, մեկ անգամ 30%-ի և 20%-ի չափով։

ՀՀ գլխավոր դատախազի, մարզպետների, նախարարների մասին՝ ի դեմս Արսեն Թորոսյանի, դե էլ չեմ ասում։

Ստացվում է՝ պատգամավորները, նախարարներն ու այլք «հանգիստ տեղները նստելու» համար աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ են ստանում, իսկ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար վտանգողները հետին պլան են մղվում…

Նոր Հայաստան, նոր՝ շատ ավելի վատ բարքեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել