Բարձր վարկանիշ վայելող «Mezzo» հեռուստաալիքով ելույթի մասին երազում են շատ երգիչներ ամբողջ աշխարհում, սակայն քչերին է դա հաջողվում։ Երգիչ-երգահան Գրիգոր Դավթյանի ելույթը դեռ շուրջ տասը տարի առաջ հեռարձակվեց հեղինակավոր հեռուստաեթերով, և նա կատարել է աշուղական երգ։

Շուտով կլրանա սիրված երգիչ-երգահան Գրիգոր Դավթյանի, նույն ինքը՝ Քիշոյի բեմական գործունեության 50 տարին։ Այդ տարիների ընթացքում բազմաթիվ և բազմազան են եղել նրա բեմերն ու հանդիսատեսը։ Գրիգոր Դավթյանի կատարումները գնահատում են երաժշտական շատ տարբեր նախասիրություններ ունեցող երաժշտասերներ։

- Ձեր երգացանկը շատ բազմաշերտ է՝ Կոմիտասից մինչև քաղաքային ֆոլկլոր։

Այո՛, այդպես է։ Երգում եմ ժողովրդական, ազգային, քաղաքային ֆոլկլոր, գուսանական երգեր, հայրենասիրական։ Բայց Կոմիտասի ստեղծագործություններին հարկավոր է առանձնակի զգուշությամբ մոտենալ։ Ցանկացած երգիչ, երբ որոշում է Կոմիտաս կատարել, պետք է հասկանա, որ առանձնահատուկ արվեստի է մոտենում։ Կոմիտաս կատարելը մեծ պատասխանատվություն է, Կոմիտասը հայերի պատմությունն է և ճակատագիրը։

- Դուք երկար տարիներ  ապրել եք Ֆրանսիայում։ Ինչո՞ւ հենց Ֆրանսիա։

Իմ տատը և պապը, ցեղասպանությունից փրկվելով, ապաստան են գտել հենց Ֆրանսիայում։ Այս երկիրն էր նրանց համար դարձել երկրորդ հայրենիք։ Ֆրանսիայի Մարսել քաղաքը իմ նախնիների վերածննդի, փրկության քաղաքն է եղել։ Մարսելում է ծնվել մայրս, ում մանկության ջերմ հուշերը Ֆրանսիայի հետ էին կապված։ Հետագայում՝ արդեն ԽՍՀՄ-ի օրոք, շատ հայրենադարձների հետ Հայաստան վերադարձան նաև նրանք։ Այդպես Ֆրանսիան իմ մեջ տպավորվեց, և երբ հնարավորություն ընձեռվեց աշխատել արտերկրում, մեկնեցի նախնիներիս փրկության երկիր։

- Ե՞րբ սկսեցիք երգել և  արդյո՞ք հիշում եք Ձեր առաջին բեմելը։

Ձայնակցում էի մորս, ով երիտասարդ տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ երգովանուշ ձայն ուներ, և մեր տանից հաճախ էր լսվում գուսանական, ժողովրդական երգ։ Պապս նույնպես երաժիշտ էր, այնպես որ, մեծացել եմ երաժշտական մթնոլորտում։ Շուտով ինձ նույնպես սկսեցին խնդրել երգել, չէի մերժում, հաճույքով երգում էի նաև պիոներական ճամբարներում։ Սակայն իմ առաջին երգը հանրության առջև համարում եմ 17 տարեկանում։  Հավանաբար, շատերը կհիշեն՝ Հանրապետության հրապարակի մոտ կար «Վահագն» ռեստորան, այո՛, ես իմ առաջին քայլերը սկսել եմ ռեստորանից։

- Դուք հեղինակել եք շուրջ 30 երգ։ Բոլորը չեմ լսել, սակայն առանձնապես հաճախ հանդիպում եմ «Վերջին նամակը» երգին։

- «Վերջին նամակը» երգը, ինձանից բացի, կատարել են շատ-շատ երգիչներ, այս երգը դարձել է նաև նրանց երգացանկի անբաժան մասնիկը առ այսօր, ինչը հաճելի է ինձ։ Չէ՞ որ, եթե մարդկանց, հանրության, ժողովրդի կողմից պահանջարկ չլիներ, երգիչներն այն չէին ներառի իրենց երգացանկ։ Երբ ինձ հարցնում են իմ երգերի մասին, միշտ օգտագործում եմ հորինել բառը։ Այո՛, ունենում եմ շրջաններ, երբ նաև երգեր եմ հորինում, ասում եմ հորինել, քանի որ ո՛չ կոմպոզիտոր եմ, ո՛չ էլ աշուղ։ Գիտե՞ք, հետաքրքիր և անչափ հաճելի զգացողություն է, երբ թեկուզ պատահաբար լսում ես հորինածդ երգը, կատարումդ։ Մարդիկ նույնիսկ կարող է ինձ չնկատեն, կամ դեմքս ծանոթ չլինի, բայց նրանց պատուհանի կամ ավտոմեքենայի պատուհանից լսեմ հույզերիցս, ապրումներիցս ծնված երգը, լսեմ, թե ինչպես է ունկնդրողը ձայնակցում։ Հենց այդ պահերն են թանկ ինձ համար, հասկանում եմ, որ  հորինվածքս հոգեհարազատ է լսողին։ Սա է ինձ համար իսկապես թանկ։

- Այսօր նույնպես շրջագայում եք, հաճախ Հայաստանում չեք լինում։ Չունե՞ք  Հայաստանում մշտապես բնակվելու մտադրություն։

- Իհարկե, ունեմ։ Հայաստանում շատ հաճախ եմ լինում, ապրում եմ տևական ժամանակ, սակայն երգիչը պետք է նաև շրջագայի։ Աշխարհի որ մասում էլ ապրեմ, միևնույն է, միտքս և սիրտս Հայաստանում են։ Որ երկրում էլ ելույթ եմ ունենում, իմ ունկնդիրների զգալի մասը հայեր են։ Դժվար չէ կռահել, որ հայկական երգը առավելապես հայերին է հոգեհարազատ, թեև ունեմ երգեր, որոնք սիրված են նաև այլազգի երաժշտասերների շրջանում։ Սփյուռքի հանդիսատեսը, այո՛, մի փոքր ավելի տարբեր է։ Հայկական երգը օտար ափերում ապրող հայի համար հայրենիքից կարոտը հագեցնելու միջոց է նաև։

- Ձեր երգերից շատերը խիստ զգացմունքային են։ Կարծես իրական կյանքից վերցված դրվագներ լինեն։

Կան երգեր, որոնց թեման երևակայական է։ Որոշ երգեր պատմվածքներ են այլ մարդկանց կյանքից, որոշ երգեր պարզապես պահի թելադրանքն են, և դե, իհարկե, մի մասն էլ իմ անձնական ապրումներն են, իմ զգացմունքներն  ու այդ րոպեի տրամադրությունը։

Նյութը` Ավետիք Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել