Armenianow.com-ը գրում է.
Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանել գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի և Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ Արաբական Միացյալ Ամիրայությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում:
Նույն մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր, հաղորդում է Armchess.am-ը:
Միջազգային վարպետ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միքայել Հակոբովը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացված Իլմար Ռաուդի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանել միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստին շնորհվել է երկրորդ մրցանակը:
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում մինչև վերջին տուրը շարունակում է յոթ այլ մասնակիցների հետ գլխավորել աղյուսակը:
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոնա և Բենասկ քաղաքներում համապատասխանաբար շարունակվող մրցաշարերում նույնպես շարունակում են առաջատարներից մեկը մնալ, հաղորդում է նույն աղբյուրը: