Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը, (այսուհետ՝ Խորհուրդ) ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․

Նշված տեղեկությունների համաձայն` Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել ոստիկանություն, որպեսզի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ցուցմունք տա առ այն, թե արդյոք ճանաչում է ԵՊՀ-ի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած` կրակոցներով ուղեկցված վիճաբանության մասնակիցներին (տեղեկատվությունը մամուլին հայտնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը):

Հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել դեպքի առնչությամբ պաշտոնական տեղեկություններ, Խորհուրդը ձեռնպահ է մնում առավել մանրամասն և խորը վերլուծությունից և արձանագրում է բացառապես այն մտահոգությունները, որոնք առաջացել են միայն այս պահին առկա հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությամբ: Խորհուրդը չի բացառում, որ հետագայում, երբ հայտնի կդառնան դեպքին առնչվող ավելի մանրամասն և բազմակողմանի տեղեկություններ, այս մտահոգությունները կարող են փոխվել:

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ անձին չի կարելի բերման ենթարկել, եթե նրանից ակնկալվում է միայն ցուցմունք տալը, և եթե անձը չի խուսափել ներկայանալ քննության: Հրապարակված տեսանյութի ծավալից ակնհայտ է դառնում, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը չի դիմադրում, որևէ կերպ չի խոչընդոտում Ոստիկանության գործողություններին, չի հրաժարվում Ոստիկանության բաժին տեղափոխվելուց, հետևաբար Խորհրդի համար համոզիչ չէ Ոստիկանության կողմից բերում իրականացնելու կամ բերման ենթարկելու գործողությունը, առավել ևս` այդ ընթացքում ձեռնաշղթաների կիրառման անհրաժեշտությունը:

Հարկ է նկատել, որ տվյալ դեպքում անձի նկատմամբ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք զուգորդվում են անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ (տվյալ դեպքում` ազատության սահմանափակմամբ), կարող են կատարվել քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ ձերբակալման կամ բերման ենթարկելու դատավարական գործողությունների միջոցով: Իսկ առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ Դավիթ Ափոյանին ձերբակալելու կամ բերման ենթարկելու հիմքերը բացակայել են:

Ելնելով վերոգրյալից` Խորհուրդը կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ հանրությանը համոզիչ կերպով ներկայացնել անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել