Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանը  եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Սամվել Հարությունյանից։ «Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց  Հարությունյանը։

Իսկ  որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք  այս դեպքում եւս  առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված   Հարությունյանը   հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը  այս տարվա   հունիսի 12-ին վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Հարությունյանի վերանշանակմանը,  հայտարարել էր․ «Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է»։ Այս հայտարարությունից հետո Հարությունյանը դատի էր տվել Իոաննիսյանին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել