Armtimes.com-ը գրում է.
Երգը, որը Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը ներկայացնելու են Երեւանի ամանորյա տոնակատարությունների շրջանակներում, գրվել է անվճար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա պատմեց, թե ինչպես է ստացվել, որ ամանորյա միջոցառումները կազմակերպելու ընթացքում որոշվել է երգի երաժշտությունը վստահել Գարիկին, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանին:
«Երբ նախագիծն արդեն սկսեց հունի մեջ մտնել, քննարկում ունեցանք, թե ինչ ոճի երաժշտությամբ ենք ուզում, որ լինի ամանորյա երգը: Երբ խոսում էի Գարիկ Պապոյանի հետ, ասաց, որ շատ հետաքրքիր մտահղացում ունի, եւ պատրաստ է երգը նվիրել Երեւանին, այսինքն առանց հոնորարի երգ ստեղծել, ձայնագրել: Երբ արդեն երաժշտությունը պատրաստ էր, ընդհանուր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ բառերի հեղինակումը պատվիրվի Ավետ Բարսեղյանին, որը գիտենք՝ մի շարք հիթերի հեղինակ է»,- ասաց նա
Վիրաբյանը նաեւ ասաց, որ Ավետ Բարսեղյանը նույնպես նվեր է արել մայրաքաղաքին ու բառերը գրել է անվճար: Իսկ հարցին, թե ինչու երգի պատվեր անելու համար մրցույթ չի հայտարարվել, պատասխանեց, որ դա երկար ընթացակարգ է իրենից ենթադրում: Բացի այդ՝ նշեց, որ, քանի որ խոսքը վերաբերում է երգը նվիրելուն, դրա անհրաժեշտությունը չի եղել:
Վիրաբյանը երգը լսել է: Ինչպես նա նշեց, այն արդեն ձայնագրվել է: Այժմ ընթանում են տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Ամանորյա միջոցառումների ստեղծագործական խումբը ցանկացել է ստանալ հետաքրքիր, թեթեւ երգ, որը կհետաքրքրի լայն մասսաներին: Հիմա սպասում են արդյունքին:
«Չեմ ուզենա առաջ անցնել եւ գնահատական տալ: Կարծում եմ՝ կընդունվի եւ կդառնա լսելի, կիրառելի, եւ իր անցնելիք ճանապարհի գնահատականը կտա հանդիսատեսը»,- ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ ստեղծվի ամանորյա այնպիսի երգ, որը կկարողանա մրցակցել համաշխարհային հիթ «Jingle Bells»-ի հետ: Վիրաբյանը նշեց, որ քանի դեռ աշխատանքը հանդիսատեսի դատին չի հանձնվել, հնարավոր չէ կանխագուշակել՝ ինչ ճակատագիր կունենա, իսկ «Jingle Bells»-ի հետ մրցակցելը բարդ է:
«1 տարում կամ 1 ստեղծագործությունով չենք կարողանալու ունենալ այնպիսի երգ, որը նման հիթի հետ կարողանա մրցակցել: Չգիտեմ՝ որ տարում դա մեզ կհաջողվի, գուցե հենց այս, գուցե մյուս կամ երկար տարիների փորձերից հետո: Եվ եկեք չբացառենք, որ ունենք շատ լավ ամանորյա երգեր, որոնք տարիների ընթացքում հետաքրքիր են եղել: Ունենք Արթուր Գրիգորյանի երգը՝ «Դրսում ձմեռ է», որը իրոք դարձավ հիթային, եւ մի շարք երգեր: Սա հերթականն է, եւ ցանկացած ստեղծագործող աշխատում է ստեղծել մաքսիմալ մեծ լսարաններ հավաքող երգ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ որ իրենց ողջ ջանքերն ուղղված են եղել նրան, որ աշխատանքը դառնա ամանորյա սիրելի երգ:
Մինչեւ հիմա Գարիկի ու Սոնայի երգից հայտնի է 1 տող: Այն հետեւյալն է. «Տոն, տոնածառի լույսը վառվելու է»: