Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձն է:
Դժվար է գերագնահատել այս հաստատության դերն ու նշանակությունը մեր պաշտպանական ու ռազմական համակարգում:

Մշտապես այն համոզմունքն եմ ունեցել, որ պատերազմի ժամանակ էական նշանակություն ունի և վճռորոշ հանգամանք է հանդիսանում ոչ թե երկրի տարածքն ու բնակչության թիվը, այլ բանակի մարտունակության աստիճանը:

Ցանկացած պարագայում մեր բանակը պետք է պահել մարտունակ վիճակում:
Ես չեմ հոգնում անընդհատ կրկնելուց, որ մեզ կրթված և ինտելեկտուալ բանակ է պետք՝ հայրենիքի և պետության առջև ծառացած խնդիրները և իրենց առաքելությունը պատվով կատարելու համար...
Բայց շատ կարևոր է հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ:
Այդ վերաբերմուքը պետք է փոխել, որի համար բավարար չեն միայն պերճախոս քարոզները հայրենասիրության մասին:
Անհրաժեշտ է երիտասարդությանը մոտիվացնել զինվորական ծառայության նկատմամբ, դժվարությունները հաղթահարելու և հայրենիքը պաշտպանելու գործում…

Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. ո՛չ ներկայում, ո՛չ էլ տեսանելի ապագայում Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող իր հավանական հակառակորդների բանակների թվաքանակին կամ զինվածության մակարդակին հասնելու հույս ունենալ, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը տնտեսապես զիջում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։
Առանց տնտեսական իրական առաջընթացի և լուրջ զարգացման դժվար թե հնարավոր լինի այդ ռազմականացման մրցավազքում լուրջ խնդիր լուծել։

Գոնե իմ համոզմամբ՝ այդպիսի մարտունակ բանակի կայացման, անհրաժեշտ մարդկային ռեսուրսի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների համալրման համար նախևառաջ անհրաժեշտ է պետության ռազմական դոկտրինը համապատասխանեցնել արդի պահանջներին ու մարտահրավերներին։

Բացի այդ՝ պետք է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան հավասարակշռել փաստացի հակառակորդի թվական գերակշռությունը, որի համար անհրաժեշտ է դեռևս գործող պարտադիր զինծառայության հաշվին մարդկային ռեսուրսների առավել լրիվ օգտագործումը՝ որոշ զինվորական մասնագիտությունների դեպքում կանանց ներգրավման թվաքանակի աստիճանական ընդլայնմամբ, պահեստազորային համակարգի իրապես կայացումը, գործող զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստականության բարձր հատկանիշների լիարժեք ապահովումը, ինտելեկտուալ սպայակազմի ձևավորումը, ինչպես նաև այնպիսի ռազմավարության սաղմնավորումն ու կայացումը, որը հնարավորություն կտա հակառակոդրի նկատմամբ անսպասելիության գործոնի օգտագործումը բոլոր առումներով, այդ թվում և հարձակման՝ հավանական ցանկացած ռազմական սպառնալիք ոչնչացնելու նպատակով:

Շնորհավո՛ր, տղերք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել