Հազվադեպ է լինում, որ տղամարդը ծանոթության արդեն առաջին իսկ րոպեից հասկանում է, որ իր առջև իր ապագա կինն է կանգնած։ Հատկապես, եթե նա 18 տարեկան է, իսկ աղջիկը՝ 13: Սակայն ապագա գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը 13-ամյա աղջկա մեջ տեսավ նրան, ում հետ նա անց էր կացնելու իր կյանքը։ Եվ չսխալվեց. Մարկեսն ու Մերսեդես Բարգան երջանիկ ապրեցին իրար հետ ողջ կյանքը։

Մարկեսի և Բարգայի սիրո պատմությունը սկսվեց պարերի ժամանակ ծանոթությունից, երբ Մերսեդեսի 13 տարեկանը դեռ նոր էր բոլորել։ Այդ երեկո Մարկեսի կողմից արված առաջարկությունը իրականություն դարձավ միայն 13 տարի անց։

Մինչև ամուսնությունն ընկած ողջ ժամանակահատվածում, երբ Մարկեսն ու Մերսեդեսը դեռ միասին չէին, նրանք ճանաչում էին իրար և նամակագրությամբ բացահայտում էին միմյանց. ծրագրում էին իրենց ապագա կյանքը, խոսում էին իրենց զգացմունքների մասին։ Միգուցե շփման հենց այս ձևն էր պատճառը, որ նրանք կարողացան այդքան լավ ճանաչել իրար։ Ինչպես հետագայում գրում էր Մարկեսը, ամուսնության ընթացքում նրանք երբեք վեճի որևէ պատճառ չեն ունեցել։

Գաբո

Փոքրիկ կոլումբիական Արակատակա քաղաքում 1927 թվականի մարտի 6-ին ծնվեց Գաբրիելը՝ ապագա գրողը։ Բազմազավակ ընտանիքում Գաբոյի համար ժամանակ առանձնապես չկար, նրան մեծացնում էին տատիկն ու պապիկը, որոնց կերպարները այս կամ այն կերպ հանդիպում են նրա բոլոր ստեղծագործություններում։

Գաբրիելը գրել սկսեց դեռևս դպրոցական տարիներին, սակայն ընտրեց իրավաբանի մասնագիտությունը և 1946 թվականին ընդունվեց իրավաբանական ֆակուլտետ՝ շարունակելով գրել։ Ինչպես նա էր հետագայում ասում, իրավաբանի աշխատանքը օգնելու էր նրան փող աշխատել, որպեսզի կարողանար ամուսնանալ Մերսեդեսի հետ։

Մերսեդես

1932 թվականի նոյեմբերի 6-ին կոլումբացի մորից և եգիպտացի հորից ծնվեց անհավանական գեղեցիկ Մերսեդես Ռաքել Բարգա Պարդոն։ Մերսեդեսը գերազանց էր սովորում, շատ էր կարդում և ուզում էր կենսաբան դառնալ։ Օգնելով ծնողներին իր հինգ քույր-եղբայրների դաստիարակության հարցում՝ Մերսեդեսը սպասում էր, թե երբ է Գաբրիելը կատարելու իր խոստումն ու ամուսնանա իր հետ։ Իսկ Մարկեսն այդ ընթացքում նախընտրում էր կոլումբիացի մարմնավաճառներին, որոնց համարում էր իր ընկերները և միայնությունից փրկություն էր անվանում։

Չնայած իր արկածներին՝ Մարկեսը չէր դադարում գրել Մերսեդեսին, կիսվել իր ապրումներով, հոգեվիճակով և ծրագրերով։ Նա չէր մոռանում նրան ասել, որ, ամեն առավոտ արթնանալով, իր գլխավերևում նրա լուսանկարն է տեսնում, որ կախված է մահճակալի գլխին։

Ամեն դեպքում հարսանիքը տեղի ունեցավ։ Մերսեդեսն ուշանում էր սեփական պսակադրությունից, իսկ Գաբոն խուճապի էր մատնվել։ Այդ պահին նա հասկանում էր, որ միայն մի կին կա, որին նա իր կինն է ուզում կոչել, և դա Մեչեն է։

Գաբրիելն ու Մերսեդեսը հարուստ չէին ապրում, ստիպված էին լինում խնայել և գնել միայն ամենաանհրաժեշտը։ Սակայն գլխավորը, որ կար նրանց մեջ, միմյանց նկատմամբ հոգ տանելն էր, փոխադարձ օգնությունը այդ ոչ այնքան հեշտ փուլում։ Մարկեսը սովորեցնում էր կնոջը պատրաստել և տնտեսություն վարել։ Մեչեն դարձավ նրա գրական ստեղծագործությունների առաջին լսողն ու երկրպագուն։ Մերսեդեսը սովորեց վառարան վառել, քանի որ երբ ցուրտ էր, Գաբրիելը չէր կարողանում գրել։

1959 թվականին ծնվեց նրանց որդին՝ Ռոդրիգոն։ Նույն տարում Մարկեսին որպես թղթակից Եվրոպա են ուղարկում։ Երբ Մարկեսին առաջարկում են համագործակցել Prensa Latina թերթի Նյու Յորքի մասնաճյուղի հետ, նա իր հետ է տանում նաև կնոջն ու որդուն։ Այդ ընթացքում նա կոմունիզմի կողմնակիցներից է դառնում, որոնք գրավել էին իրեն Կուբա և ԽՍՀՄ կատարած այցերից հետո։ Դա սպառնալիքների պատճառ է դառնում և՛ իր, և՛ ընտանիքի համար, և՛ դրա արդյունքում նա ստիպված է լինում փախուստի դիմել Մեխիկո։ Հենց այստեղ է դրսևորվում նրա կնոջ տոկուն խառնվածքը, նրա պատրաստակամությունը՝ ամուսնու հետ ընդունել փորձությունները։ Էժանագին հյուրանոցները, ոչ հեշտ ճանապարհի վտանգները, մարդկանց վատ տրամադրվածությունը, Մերսեդեսի հիվանդությունը. սրանցից ոչ մեկը պատճառ չդարձան, որ նա մեղադրեր Մարկեսին։

Երկրորդ որդին լույս աշխարհ եկավ 1962 թվականին Մեքսիկայում։ Մարկեսը սկսում է աշխատել «Հարյուր տարվա մենություն» վեպի վրա և ամբողջովին խրվում է աշխատանքի մեջ։

Կինը գումար է աշխատում, շփվում է առևտրականների հետ, որոնք նրան պարտքով մթերքներ են տալիս, պայմանավորվում է իրենց տան տիրոջ հետ, որ վարձն ավելի ուշ վճարեն։ Իսկ երբ Մարկեսն ավարտում է իր դարակազմիկ ստեղծագործությունը, Մերսեդեսը լուռ գրավ է դնում իր մազահարդարիչն ու էլեկտրական հարիչը, որպեսզի փող հայթայթի ստեղծագործությունը հրատարակչին ուղարկելու համար։

1967 թվականին Մարկեսի վեպը լույս է տեսնում և հայտնի դարձնում իր հեղինակին։ Հետագայում նրա յուրաքանչյուր ստեղծագործություն աղմկոտ հաջողություն է ունենում։ Գտնվելով փառքի կիզակետում՝ Մարկեսը չէր մոռանում, թե որքան է պարտական իր համբերատար և իմաստուն կնոջը, և նրան էր ձոնում իր աշխատանքները։

Նոբելյան մրցանակ ստանալու համար, որ շնորհվեց նրան 1982 թվականին, ամուսինները միասին Ստոկհոլմ ուղևորվեցին։ Մերսեդեսը նրա կողքին էր ամբողջ ընթացքում։ Նա միայն մեկ հարցազրույց տվեց, որտեղ հիմնականում խոսում էր ամուսնու և այն մասին, թե որքան երախտապարտ է նրան, որ նա կատարեց իր խոստումը՝ ամուսնանալ իր հետ, երբ ինքը մեծանա։

1990-ականներին Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությունը վատանում է։ Եվ միայն կնոջ խնամքն է երկարացնում նրա օրերը և հնարավորություն տալիս գրելու «Հիշելով իմ տխուր պոռնիկներին» ստեղծագործությունը՝ ծերունու սիրո պատմությունը երիտասարդ աղջկա հանդեպ։ Քննադատները այս ստեղծագործության մեջ նմանություն տեսան հենց Մարկեսի և Մերսեդեսի պատմության միջև, նրա սիրո խոստովանությունը այս կնոջ նկատմամբ անմահացել է ստեղծագործության մեջ։

Իր կյանքի վերջին երկու տարիներին Մարկեսը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ և հաճախ չէր ճանաչում իր հարազատներին՝ բացի Մերսեդեսից։ Իսկ նա մինչև նրա կյանքի վերջին վայրկյանը մնաց իր սիրելի Գաբրիելի հավատարիմ կինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել