Ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր ԱՄՆ ՊՆ Մարկ Էսփերը, ամերիկյան միավորումներն աստիճանաբար վերադառնում են Սիրիայի տարածքում նախկինում զբաղեցրած հիմնական ռազմաբազաները, որոնք ցուցադրաբար լքել էին Եփրատ գետից արևելյան հատվածում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունից առաջ: Այդ ռազմական օբյեկտները վերջին օրերին ակտիվորեն համալրվում են նոր տեխնիկայով, որը Սիրիա է հասնում Իրաքից մի քանի տասնյակի հասնող ավտոշարասյուներով:
Այսպիսով, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրարամերժ հայտարարություններին, 500-600 ամերիկացի զինծառայողներ(չհաշված մասնավոր ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչներին) շարունակելու են գործունեությունը Սիրիայի՝ Վաշինգտոնի համար կարևորություն ներկայացնող՝ հատկապես նավթահանքերով հարուստ որոշ շրջաններում:
Հյուսիս-արևելքում նախկինում զբաղեցրած 15 օբյեկտներից ներկայում շարունակվում են գործել 5-ը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն առայժմ Սիրիայի տարածքում ունենալու է 11 ռազմաբազա, որից 5-ը հյուսիս-արևելյան Հասաքա, 3-ը՝ արևելյան Դեյր Զոր, 2-ը հյուսիսային Ռաքքա նահանգներում:
Վերոնշյալի համատեքստում միանշանակորեն կարելի է փաստել, որ ԱՄՆ-ի շարունակական ներկայությունը Սիրիայում ոչ միայն սահմանափակվելու է հակաահաբեկչական պայքարով, այլև մասնավոր շահով՝ պայմանավորված ածխաջրածինների վաճառքի վերահսկման, ինչպես նաև Իրանի դիրքերի ամրապնդման փորձերը և «շիայական շղթայի» գործարկումը ձախողելու հնարավորություններով: Իսկ ընդհանուր առմամբ, սիրիական հակամարտության համատեքստում, անշուշտ, ամերիկյան շարունակական ներկայության հանգամանքը հավելյալ բարդույթուններ է առաջացնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: