Hraparak.am-ը գրում է.

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել էր քաղաքապետարանի գնումների գործընթացում հայտնաբերած կոռուպցիոն ռիսկի մասին։ 

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված տենդեր է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։ «Նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 3 ընկերություն, հաղթող է ճանաչվել Արարատ Խաչիկյանի հարազատ քրոջ որդուն պատկանող ընկերությունը՝ «Էկոսերվիսը»,-ասել էր Խաժակյանը՝ նշելով, որ խոսքը 180 միլիոն արժողությամբ տենդերի մասին է։ 

Մենք գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Խաժակյանի այս հայտարարության վերաբերյալ գործընթաց սկսվե՞լ է, ինչին ի պատասխան ասացին․ «Դավիթ Խաժակյանի հայտարարությունն ուսումնասիրվում է»։

Նշենք, որ խմբակցության ղեկավարի տեղեկություններով՝ քաղաքապետ Մարությանը հաստատապես տեղյակ է եղել կատարվածի մասին, սակայն Խաչիկյանին չի հեռացրել մինչեւ երեկ, երբ այդ մասին մամուլում գրվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել