Hraparak.am-ը գրում է.

Փաստ է, որ թեև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում և ավելի փոքր չափով` Նախիջևանում նկատելիորեն գոնե չեն նվազել, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանի Տավուշի հատվածում  2018-ի հեղափոխությունից հետո ոչ թե հարաբերական, այլ իրապես հանգիստ էր։ Այս դրական ձեռքբերումը մշտապես ընդգծվում էր միջնորդների ու կողմերի կողմից։ Գոնե՝ հայկական։ Հայաստանի Հանրապետության սահմանին կրակահերթերը սկսեցին նվազել անմիջապես այն բանից հետո, երբ  հայտարարվեց, որ  Փաշինյանը և Ալիևը համաձայնել են ստեղծել օպերատիվ թեժ գիծ, որով կողմերը կարող էին խոսել ռազմական թեմաներով և պայմանավորվել  պահպանել հրադադարը։ Փորձագիտական մակարդակով սրա բացատրությունն այն էր, որ կողմերն առաջարկում են գաղափարներ, այդ թվում՝ երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է (որի շրջանակներում եղան լրագրողների փոխադարձ այցելություններ Հայաստան ու Ադրբեջան), որի հետ ՀՀ սահմանին կրակահերթերը ոչ մի կերպ չեն համատեղվում։ 

Եվ այս ընթացքում հաշված դեպքեր են գրանցվել, ապրիլի 30-ին ու հուլիսի 27-ին 2 պայմանագրային զինծառայող են վիրավորվել, իսկ ահա հոկտեմբերի 3-ին զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը։

Երեկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վերջին կրակոցների առնչությամբ գրել էր․«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։Կորուստներ չկան»։

«Հրապարակի» հետ զրույցում էլ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, թե երեկ հակառակորդի  կրակոցների պահին գյուղում հարսանիք էր, բայց այն չի դադարեցվել, առավոտից էլ իրավիճակը հանգիստ է, մանկապարտեզներն ու դպրոցը գործում են: «Հարսանիքը նորմալ շարունակվեց, մարդիկ  քեֆ արեցին, հենա էն մեր 18 թվականի վիրավորն էլ էր այնտեղ, մարդու ոտքը նորմալ ապաքինվել է»,-ասաց գյուղապետը։

Կոթիի գյուղապետը մեզ հետ զրույցում, այնուամենայնիվ, նշեց, թե նման ինտենսիվության կրակոցներ վերջին անգամ եղել են 2018-ի սեպտեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել