Վերջին տասնամյակներին մոլորակի աղտոտման հարցը գնալով ավելի հրատապ է դառնում։ Այդ կապակցությամբ գիտակից մարդիկ փորձում են ավելի շատ բնապահպանամետ կենսակերպ վարել։ Ճիշտ է, երբեմն մենք այնքան անմեղ արարքներ ենք գործում առանց գիտակցելու, որ դրանով էլ մեծ վնաս ենք պատճառում բնությանը։
Առաջարկում ենք սթափ գնահատել և վերանայել մեր որոշ արարքներ և ճիշտ հետևություններ անել։
Եվ այսպես՝ ե՞րբ ենք մենք աղտոտում բնությունը։
Երբ չինական լապտերներ ենք երկինք բաց թողնում
Լապտերներ երկինք թողնելու ավանդույթը, բարեբախտաբար, գնալով ավելի մարում է, քանի որ դրանք հրդեհավտանգ են։ Օրինակ՝ մոմերը, որոնք չեն հանգչում գետնին ընկնելուց հետո, վառում են ծառերը, խոտը, տանիքներն ու ամբողջական դաշտեր են ոչնչացնում։ Մեծ Բրիտանիայում այս լապտերների պատճառով պլաստմասսայի վերամշակման մի ամբողջ գործարան էր այրվել։ Հիմա շատ երկրներում լապտերները օդ թռցնելն օրենքով արգելված է։
Երբ փափուկ խաղալիքներ ենք բերում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին
Ցավոք, երբեմն ողբերգություններ են տեղի ունենում, որոնք անմեղ կյանքեր են տանում, այդ թվում՝ մանկական։ Նման դեպքերում տարբեր քաղաքներում մարդիկ մոմավառություն են կազմակերպում, ծաղիկներ և փափուկ խաղալիքներ են բերում՝ հարգելու համար զոհվածների հիշատակը և իրենց ցավակցությունը հաղորդելու զոհվածների բարեկամներին ու հարազատներին։
Որոշ ժամանակ անց, երբ հույզերը հանդարտվում և բթանում են, կյանքն իր հունի մեջ է մտնում։ Եվ այստեղ օրինաչափ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ անել թոռոմած ծաղիկների և խաղալիքների հետ։ Հաճախ դրանք պարզապես աղբանոց են տարվում։ Ոմանք առաջարկում են, որ պետք է դրանք լավանալ և հանձնել մանկատներին կամ անապահով ընտանիքների երեխաներին։
Որն է ճիշտը, ինչպե՞ս վարվել։ Երբ խաղալիքներ եք գնում նման դեպքերի համար, մտածեք, թե ուր են դրանք գնալու։ Որոշ օգտատերեր առաջարկում են խաղալիքների և ծաղիկների ավանդույթին վերջ դնել և դրա փոխարեն ֆինանսապես օգնել զոհերի հարազատներին։
Երբ ավելորդ փաթեթավորում ենք օգտագործում
Փաթեթավորումը ոչ միայն գնորդներին գրավելու համար է ծառայում, այլև իրերը պաշտպանելու և անվտանգ պահպանելու համար։ Սակայն շատ արտադրողներ երբեմն չափն անցնում են և այն օգտագործում են հսկայական քանակությամբ և նույնիսկ այնտեղ, որտեղ այն պետք էլ չէ։
Ի դեպ, 2015 թվականին միայն Չինաստանում սուրհանդակային կազմակերպությունները մոտ 20 միլիարդ պատվեր են առաքել՝ օգտագործելով 8,27 միլիարդ պլաստիկե փաթեթ և 9,92 միլիարդ փաթեթավորման տուփ՝ փաթեթավորման կպչուն թղթերով։
Ինչպե՞ս մենք կարող ենք ազդել այս իրավիճակի վրա։ Առաջին հերթին չփաթեթավորենք նվերները և լրացուցիչ տուփեր չօգտագործենք։
Երբ անիմաստ և անօգուտ իրեր ենք գնում
Մարդիկ հաճախ անիմաստ իրեր են գնում զուտ նորաձևության ալիքին տրվելով։ Օրինակ՝ սպիներներն արդեն նորաձև չեն, քանի որ բոլորին ձանձրացրել են։ Հիմա պատկերացրեք, թե ուր են գնալու միլիոնավոր այն խաղալիքները, որոնք չեն վաճառվել։
Կամ գնալով ավելի մեծ տարածում են գտնում մեկանգամյա լիցքավորման սարքերը։ Դրանք մեկ անգամ օգտագործելուց հետո դեն են նետվում։ Իսկ դրանց մեջ եղած մարտկոցները շատ ավելի վտանգավոր են բնության համար, քան սովորական աղբը։
Այնպես որ, պետք չէ նման իրեր գնել։ Եվ երբ միայն դրանց պահանջարկը պակասի, այդ ժամանակ միայն դրանք դուրս կգան արտադրությունից։
Երբ նոր սերնդի սմարթֆոններ ենք գնում
Խոշոր ընկերությունները տարին երկու անգամ իրենց հեռախոսների թարմացված և կատարելագործած տարբերակներն են թողարկում, և շատ մարդիկ են անպայման ցանկանում ունենալ ամենանոր և ամենահզոր սմարթֆոնները։
Սակայն ի՞նչ կապ ունի այստեղ մոլորակի աղտոտումը։ Պարզվում է, որ նոր սմարթֆոնների շուկայում հայտնվելուց հետո հների շատ պարագաներ չվաճառված են մնում, օրինակ՝ պատյաններ, որոնք արդեն նորերին չեն համապատասխանում։ Արդյունքում սրանք բոլորը աղբանոցում են հայտնվում։
Երբ փուչիկներ ենք օդ բաց թողնում
Իհարկե, այս երևույթը շատ գեղեցիկ է, սակայն միայն առաջին հայացքից է այն անվնաս, իսկ իրականում հսկայական վնաս է հասցնում բնությանը։ Երբեմն, փորձագետների խոսքերով, դրանք նույնիսկ կենդանիների և թռչունների տանջալի մահվան պատճառ են դառնում։ Չէ՞ որ ոչ ոք չի մտածում, թե ինչ է տեղի ունենում փուչիկների հետ օդ բարձրանալուց հետո։
Իսկ ի՞նչ կարող ենք անել փուչիկներ բաց թողնելու փոխարեն, եթե ուզում ենք ինչ-որ մի տոն այդքան գեղեցիկ կերպով նշել։ Կարելի է, օրինակ, ծառեր տնկել, կարգի բերել խաղահրապարակը, նստարաններ տեղադրել և այլն։ Եվ ամենակարևորը՝ բնությունը ձեզ անսահման շնորհակալ կլինի։