Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Ն. Փաշինյանին
 ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈՒ պահեստազորի
մայոր՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանից

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Սույն իմ բաց նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, սակայն, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ իրեն Հիսուս Քրիստոս կամ Հռոմի պապ հռչակող և նույնակ­­ան մարմնավորում ունեցող անձի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ համոզված չեմ նրանում, որ սո­­ւյն բաց նամակին ծանոթանալիս տեղում կլինի անձամբ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանը, պարզապես ստիպված եմ խնդրել, թե՛ իրեն Հիսուս Քրիստոս և թե՛ Հռոմի պապ հռչակած անձանց սույն բաց նամակը ստանալիս անպայման այն փոխանցել անձամբ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին:

Այսպիսով՝

Հարգելի պարոն Փաշինյան, թե՛ անձամբ Դուք և թե՛ Ձեր թիմակից բազմաթիվ անձինք (այլ կերպ ասած՝ ով չի ալարում) իր ելույթներում մշտապես ընդգծում է ՀՀ ԶՈՒ-ի կարևորությունը, այն, որ ՀՀ ԶՈՒ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիքը, Դուք և Ձեր թիմակիցներն ամեն քայլափոխին հայտարարում եք, որ Դուք իբրև թե մտահոգված եք զինծառայողների սոցիալական խնդիրներով, մտահոգված եք ՀՀ ԶՈՒ-ում օրինականության հաստատմամբ և պահպանմամբ և այլն:

Հարգելի պարոն Փաշինյան, լսելով անձամբ Ձեր և Ձեր թիմակիցների պաշտոնական հայտարարությունները և համադրելով դրանք Ձեր կողմից փաստացի ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների հետ, կամա թե ակամա ստիպված եմ արձանագրել այն, որ Դուք Ձեր նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով ստում եք ողջ հանրությանը (այլ կերպ ասած՝ անորակ հեքիաթներ եք պատմում):

Հարգելի պարոն Փաշինյան, ի հիմնավորումն իմ կողմից վերը նշված գնահատականի՝ հարկ եմ համարում վերլուծել Ձեր կողմից ձեռնարկված միջոցները և ցուցաբերված իրական մտահոգությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիք հանդիսացող կառույցի ներկայացուցիչների նկատմամբ, այլ կերպ ասած՝ այն անձանց նկատմամբ, հենց ում միջոցով է և ում շնորհիվ է կյանքի կոչվում այդ անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիքը, ովքեր որ յուրաքանչուր անգամ առնվազն մարտական հերթապահություն իրականացնելիս վտանգում են իրենց կյանքն և առողջությունը:

Այսպիսով, հարգելի պարոն Փաշինյան, որպեսզի իմ գնահատականը լինի հնարավորինս օբյեկտիվ և պարունակի հստակություն (կոնկրետիկա), միաժամանակ բացառի Ձեր և Ձեր թիմակիցների կողմից խուսավորման (ժողովրդական լեզվով ասած՝ կրուտիտ լինելու) հնարավորությունը, ես անդրադարձ կկատարեմ կոնկրետ սոցիալական հարցերի, որոնք բավականին երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնվում են անձամբ իմ կողմից և ոչ միայն իմ կողմից, ինչպես նաև կանդրադառնամ Ձեր կողմից հրապարակավ արված հայտարարություններին, որոնք առնչվում են ՀՀ ԶՈՒ-ին: 

  1. Չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք դրամական փոխհատուցման հարցը

Հարգելի պարոն  Փաշինյան, նշված հարցի առնչությամբ անձամբ ես Ձեզ բազմիցս գրավոր կերպով դիմումներ եմ ներկայացրել, որոնցում ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, հղում եմ կատարել նաև սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, ՀՀ վարչական առաջին ու վերաքննիչ դատարանների որոշումերից, վերջացրած ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ կապված նշված հիմնահարցի հետ, որոնք ևս հիմնավորում են իմ պնդման (դիրքորոշման) իրավաչափությունը, սակայն մինչ օրս նշված հարցի առնչությամբ թե՛ Ձեր և թե՛ Ձեր թիմակիցների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, որպեսզի վերականգնվեն բոլոր զինծառայողների ոտնահարված իրավունքները և վճարվեն հասանելիք փոխհատուցումները, ասեմ ավելին՝ որևէ միջոց չի ձեռնարկվել ներկայումս նույնատիպ իրավունքների ոտնահարման գործընթացը բացառելու ուղղությամբ, և ներկայումս, փաստացի, գիտակցաբար շարունակվում է զինծառայողների նման իրավունքների և օրինական շահերի կոպիտ ոտնահարումը:

  1. Զինծառայողներին հասանելիք բնակարաններով ապահովելու հարցը

Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ ևս բազմիցս բարձրաձայնվել է թե՛ «ՀՀ ԶՈՒ թոշակառու սպաներ» շարժման անդամների և թե՛ անձամբ իմ կողմից, նշեմ նաև այն, որ սույն հիմնահարցի իբրև թե լուծման գործընթացը նաև որոշակիորեն լուսաբանվել է, և արդյունքում Ձեր և Ձեր թիմակիցների կողմից շատ երկար մտածելու արդյունքում առաջարկվել է, իսկ, ըստ էության, պարտադրվել է արդեն բոլորին քաջ հայտնի հակասահմանադրական, անձանց իրավունքները ոտնահարող և, ինչու չէ, նաև անհեթեթ լուծման ճանապարհը։ Խոսքը հիփոթեքային անտոկոս վարկավորման և ՀՀ կառավարության հայտնի որոշման մասին է, որով Դուք փորձում եք Երևանի բնակիչներին փոխհատուցել իրենց հասանելիք բնակարանների կադաստրային արժեքի 50%-ով, իսկ շրջանների բնակիչներին՝  90%-ով:

  1. Ոչ աշխատանքային օրերին զինծառայողներին աշխատեցնելու և դրա դիմաց չվճարված աշխատավարձերի փոխհատուցման հարցը

Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ կրկին անձամբ ես Ձեզ բազմիցս գրավոր կերպով դիմում եմ ներկայացրել, որոնցում կրկին ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաև սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր և Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի առնչությամբ բացարձակապես որևէ միջոց չի ձեռնարկվել և, ըստ էության, ցուցաբերվել և ցուցաբերվում է անընդունելի անտարբերություն և անգործություն:

  1. Իմ կողմից ՀՀ ԶՈՒ-ից զորացրվելիս ինձ չտրամադրված, չվճարված աշխատավարձի 15-ապատիկի չափով դրամական բավարարումը

Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ ևս անձամբ ես Ձեզ բազմիցս գրավոր կերպով դիմումներ եմ ներկայացրել, որոնցում նույնպես ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաև սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր և Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի իբրև թե լուծման առնչությամբ բեմադրվել էր, բառիս բուն իմաստով, անորակ բեմադրություն, որի արդյունքում Ձեր և Ձեր թիմակիցների կողմից հանձնարարվել է սույն հարցի առնչությամբ ինձ պաշտոնական պատասխան ներկայացնելը՝ ՀՀ ՊՆ-ին, այսինքն՝ այն կառույցին, որը հենց և ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան որոշման՝ խախտել էր (ոտնահարել էր) իմ իրավունքները և օրինական շահերը, որը, հետևաբար և ակնկալելի տարբերակով, հրաժարվել է վերականգնել իմ ոտնահարված իրավունքները և օրինական շահերը, ընդ որում, ըստ ՀՀ ՊՆ-ի կողմից բերված հիմնավորումների և պատճառաբանությունների՝ եթե դրանք կարելի է այդպիսին անվանել, անհեթեթ և խայտառակ լինելու մակարդակը պարզապես ապշեցնում է:

 

Հարգելի պարոն Փաշինյան, վերոհիշյալ հիմնահարցերի առկայության պայմաններում Դուք և Ձեր թիմակիցները, քաջատեղյակ լինելով վերոհիշյալ հիմնահարցերից, հանրայնորեն, իբրև թե ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մասին մտահոգված լինելով բարձրաձայնում եք այն, որ Դուք՝

  1. Բարձրացրել եք զինծառայողների աշխատավարձերը, և դա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գնաճ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների, օրինակ՝ հացի առնչությամբ, այլ ապրանքատեսականիի գնաճի մասին խոսելն արդեն ավելորդ է: Այսինքն՝ նման պայմաններում դեռ շատ մեծ հարց է դառնում՝ Դուք աշխատավարձերը բարձրացրել եք, թե իջեցրել:
  2. Գնել եք ինչ-որ աննախադեպ զինատեսակներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ թե՛ այդ գնումներից և թե՛ այդ աննախադեպ զինատեսակի ինչպիսությունից փաստացի տեղյակ եք եղել միայն Դուք, ես ենթադրում եմ, որ խոսքը գնում է՝ «Կապիտան Ամերիկայի կախարդական վահանի» և «Աստղային պատերազմներ» կինոնկարի միջի լուսային թրի գնման մասին:
  3. Զինծառայողներին տրամադրվող սննդի բարելավում։ Թեև իմ կողմից նման պնդման հավաստիությունը չի ուսումնասիրվել, սակայն ես միայն ուրախ կլինեմ նրա իրականությանը համապատասխանելու դեպքում և ներկայումս պատրաստ եմ ընդունել, որ դա Ձեր միակ դրական նվաճումն է ՀՀ ԶՈՒ-ի շրջանակներում:

 

Հարգելի պարոն Փաշինյան, ավարտելով իմ բաց նամակը՝ հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․ եթե Դուք և Ձեր թիմակիցները կարծում եք, որ առնվազն վերը նշված սոցիալական խնդրահարույց հիմնահարցերը անտեսելով, դրանց լուծումը չտալով կամ Ձեր կողմից զինծառայողների բնակարանային հիմնահարցի լուծմանն ուղղված ջանքերի պես ջանքեր գործադրելով Դուք հանրության կամ առավել ևս հենց ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մոտ տպավորություն կստեղծեք առ այն, թե Դուք իբր հոգ եք տանում կամ մտահոգված եք ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների խնդիրներով, ապա շտապում եմ Ձեզ հայտնել, որ դա այդպես չէ, և եթե նման կարծիք առկա է, ապա այն առկա է միայն Ձեզ մոտ:

Հարգելի պարոն Փաշինյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում Ամանոր է, և թե՛ Դուք և թե՛ Ձեր թիմակիցները, միանշանակ, հրապարակավ հանդես եք գալու Ձեր, այսպես կոչված, նվաճումների գովաբանմամբ, հարկ եմ համարում հորդորել Ձեզ հիշել և զուսպ մնալ ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներին առնչվող սոցիալական հարցերի առնչությամբ կամ, առհասարակ, ՀՀ ԶՈՒ-ի առնչությամբ որևէ նվաճման մասին բարձրաձայնելուց, քանի որ բնակարանային խնդիրները կամ որևէ այլ, վերը նշված սոցիալական բնույթի խնդրահարույց հարց Դուք և Ձեր թիմակիցները լուծել եք միայն Ձեր ու Ձեր մոտիկների առնչությամբ: Չնայած նրան, որ ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե առկա խնդիրների պարագայում Դուք և Ձեր թիմակիցներն ինչպես պետք է ուրախ և զվարթ կերպով նշեք Ամանորի տոնը, ինչպես Ձեզ մոտ պետք է կուլ գնա այն ուտեստը, որը դրված կլինի Ամանորի սեղանին, իսկ ես համոզված եմ, որ այն լինելու է Ձեր ամբողջ կայնքում աննախադեպ լի և բազմազան, թեև միգուցե Դուք բացարձակ մտահոգված չլինեք իմ կողմից նշված ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներին առնչվող հիմնահարցերով, քանի որ, ի վերջո, Դուք այլևս չունեք բնակարանային կամ որևէ այլ սոցիալական խնդիր, որոնք ունեն ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողները, այնուամենայնիվ, մաղթում եմ Ձեզ ուրախ Նոր տարի:

 

Դիմող՝ Ց. Խաչատրյան

16.12.2019թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել