Խորհրդարանը երեկ մեկնարկած արտահերթ նիստը շարունակում է այսօր՝ դեկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել։ Նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերն ընդունվել են։

Մասնավորապես՝ Ազգային ժողովն ընդունեց 4 վարկային համաձայանարգրերը, որով Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց լրացուցիչ 152 մլն դոլար պարտավորություն:

Նախ` խորհրդարանը քվեարկեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով նշեց. «Քանի որ վերջին ամիսներին Կառավարությունը նշում էր, որ ունենք բյուջեի պրոֆիցիտ և միայն այսօր պարզեցինք, որ կա սպասվող դեֆիցիտ, դեռևս այդքան էլ հասկանալի չէ այդ սպասումներն ինչպես են հաշվարկել, իհարկե ողջունելով ցածր տոկոսով երկարաժամկետ վարկ վերցնելու գաղափարը, մենք այս փուլում ձեռնպահ կքվեարկենք՝ ուսումնասիրելու համար սպասվող առաջացման պատճառները»: Պատգամավորը նաև նշեց, որ խոսքը վերաբերում է բոլոր 4 վարկային համաձայնագրերին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց. «Մենք այսօր չենք պարզել, որ դեֆիցիտ ունի բյուջեն, բյուջեի քննարկումների ժամանակ, որը ավելի քան մեկ ամիս տևեց և քննարկվեց նաև ԱԺ-ում, հստակ նշված էր՝ 160 մլրդ դրամի դեֆիցիտի մասին, սա նորություն չէր և ձեռքբերման աղբյուրն էլ նշված էին էժան տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերը»:

Նախագծին դեմ քվեարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ԼՀԿ-ն ձեռնպահ,«Իմ քայլը»՝ կողմ: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 23՝ դեմ, 14՝ ձեռնպահ հարաբերակցությամբ: Երեք պատգամավոր, որոնք ներկա չէին նիստին թողել էին իրենց կողմ ձայները:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այս նախագծին էլ կողմ քվեարկեցին 70 պատգամավոր, 3 պատգամավոր էլ թողել էր իր կողմ ձայնը: Դեմ էր քվեարկել 22, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին ևս կողմ քվեարկեց 70 պատգամավոր, այս նախագծին ևս 3 պատգամավոր իր կողմ ձայնն էր թողել: Այս նախագծին դեմ էր քվեարկել 22, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ էր քվեարկել 70 պատգամավոր, 3 հոգի էլ թողել էր իր կողմ ձայնը, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:

Խորհրդարանականների աշխատանքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել